Եթե պայմանավորվածությունները խախտվեն, «Իմ քայլը» ինձ կընտրի վարչապետ․ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովը քննարկում է վարչապետի ընտրության հարցը՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Սա ընտրությունների առաջին փուլն է։ «Իմ քայլը» խմբակցության որոշմամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը։

«Այս ընթացքում շատ են քննարկումներ, շահարկումներ լինում, որ ինչ-որ մի պահի ինչ-որ ուժեր փորձելու են երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել։ Եթե այդպիսի փորձեր լինեն պայմանավորվածությունները խախտելու, մենք ունենք պատրաստի լուծում, այդ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ։ Եվ ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունները չեն խախտվի»,- իր ելույթում նշել է Նիկոլ փաշինյանը։

Ըստ սահմանադրության՝ վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական էր տվել Հայաստանի վարչապետի պաշտոնից։

Գործող Սահմանադրությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում․ «Ընթակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, ԱԺ մյուս խմբակցությունները վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի։ Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի և Ազգային ժողովը կհամարվի արձակված և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- իր ուղերձում ասել էր Փաշինյանը։

Մեկնաբանել