ԼՂ բանակցային բովանդակությունը «ծռվել է» 2015 աշնանը և 2016-ի ձմռանը․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել է, «ծռվել է» 2015 աշնանը և 2016-ի ձմռանը։ Այս մասին մայիսի 3-ին՝ Ազգային ժողովը վարչապետի ընտրության քննարկմանը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս տված հարցազրույցում ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարություններին։

«Միտք է առաջ տարվում, որ եթե բանակցողը փոխվի, բանակցության տրամաբանությունը նույնպես կփոխվի։ Կանցնեն տարիներ, կբացվի բանակցային գործընթացի փաստաթղթերի բովանդակությունը և մենք կպարզենք, որ բանակցային բովանդակությունը փոխվել է, «ծռվել է» 2015 աշնանը և 2016-ի ձմռանը։ Եթե որոշել է բացահայտումներ անել, թող բարի լինի պատմել այս թվականների իրադարձությունները։ Ուշադրություն դարձրեք թվերին, որից հետո եկել է 2016-ի գարունը և եղել է ապրիլի 2: Բանակցային բովանդակությունը փոխվել է հենց այդ ժամանակ և դա ապացուցող փաստաթղթեր, բանակցությունների արձանագրություններ կան»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ բանակցային գործընթացքում 5+2 շրջանների փոխզիջման հնարավորություն չի եղել։ Խոսքը ԼՂԻՄ-ի հարակից 7 շրջանների տարբեր փուլերով հայկական զորքերի դուրսբերման մասին է, այսինքն, առաջին փուլով պետք է հայկական կողմը թողներ 5 շրջան, երկրորդ փուլով՝ Լաչինը և Քելբաջարը. «Եկեք խոստովանենք, որ այդպիսի հնարավորություն, ըստ էության, երբեք չի եղել, որովհետև դեռևս 2016-ին իր տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում է 7 շրջանների մասին։ Նա ասում է, որ մենք թողնում ենք 7 շրջանները, իսկ ադրբեջանական կողմն ասում էր՝ ոչ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է նաև, որ Ադրբեջանը երբևէ չի ցանկացել խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը։ Բանակցային տարբեր փաթեթների վերաբերյալ հայկական կողմի համաձայնությանը հաջորդել է ադրբեջանական կողմից մերժումը։

Փաշինյանը հիշեցրել է Սերժ Սարգսյանի 2017-ին տված հարցազրույցը, որտեղ երրորդ նախագահն ասել է, որ ապրիլյան պատերազմը նշանակում է՝ Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի հարցը լուծել մադրիդյան սկզբունքների շրջանակներում։ Մադրիդյան սկզբունքների երկու խնդիր կա՝ հանրաքվե և միջանկյալ կարգավիճակ․ «Հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, նշանակում է հրաժարվել հանրաքվեից և միջանկյալ կարգավիճակից։ Բայց այստեղ ծագում է ամենասկզբունքային հարցը, իսկ 2015-ի աշնանը և 2016-ի ձմռանը կարող է պարզվի, որ միջնորդները սկսեցին պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը և Մադրիդյան սկզբունքներն իրականում միայն ցուցանակ էին, որի ներքո տեղի էին ունենում ուրիշ պրոցեսներ»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը անդրադարձել է նաև բանակցային գործընթացում ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հնարավոր հանրաքվեին․ «Ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որից իմանում ենք, որ նա որոշակի մտահոգություն ունի ենթադրվող հանրաքվեի իմաստով։ Նշված չէ, թե որտեղ պետք է տեղի ունենա հանրաքվեն, բայց նշված է, որ ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտման հնարավորություն պետք է լինի։ Կանցնեն տարիներ և մենք կտեսնենք, որ Սերժ Սարգսյանն ունի որոշակի մտահոգություն, թե ինչքան ադրբեջանցի է այս իմաստով համարվելու ԼՂ բնակիչ։ Այս փաստից մենք իմանում ենք, որ այդ պոտենցիալ հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ բնակիչ ադրբեջանցիներ։ Հարց․ ԼՂ բնակիչները, ըստ Սերժ Սարգսյանի հղման՝ իրենք ԼՂ-ում որտե՞ղ պետք է բնակվեին»։

Մեկնաբանել