Երկրորդ անգամ վարչապետի ընտրության հարցը Ազգային ժողովում կքննարկվի մայիսի 10-ին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, տեղեկացնում է խորհրդարանի կայքը։
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերի համաձայն` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է հայտարարությունում:
Այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում կողմ 1, դեմ 3, ձեռնպահ 75 ձայներով Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր ընտրվել՝ Ազգային ժողովն արձակելու և արտահերթ ընտրությունները հնարավոր դարձնելու համար։
Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական էր տվել Հայաստանի վարչապետի պաշտոնից։
Գործող Սահմանադրությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում․ «Ընթակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, ԱԺ մյուս խմբակցությունները վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի։ Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի և Ազգային ժողովը կհամարվի արձակված և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- իր ուղերձում ասել էր Փաշինյանը։