Կանաչ ապակիներով շենքի 44 օրը (մաս 1)

Wounded soldiers are brought to Republican Medical Center of Stepanakert after the clashes of the simmering territorial conflict between Armenia and Azerbaijan

Երեսունվեց համարի զինվորի, մյուս զինվորների, Ալեն Պողոսյանի կոնյակների, մեծ պրոֆեսիոնալների, աղետալի դիլետանտության, հիվանդանոցի բակում արածող կովերի, պարտության ու հույսի մասին:

«Ես ծնվել ու մեծացել եմ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում։ Իմ ծնողները սովորական մարդիկ էին, ոչնչով հայտնի չէին, երևի միայն նրանով, որ մայրս շատ ազնիվ էր, իսկ հայրս լավ հումոր ուներ։ Մեր տունը գյուղի բարձրադիր մասում էր։ Առաջին պատերազմի ժամանակ տան բակում ջրի երկու հսկայական տակառ կար, մեկը՝ մեծ, մյուսը՝ փոքր՝ իրար վրա դրած, ցնցուղ ընդունելու հարմարանք էր։ Հեռվից շատ նման էր տանկի։ Թշնամին էլ էր տանկի նմանեցրել ու խփել էր ուղիղ ջրի տակառների վրա։ Մեր գյուղն առաջին պատերազմի ժամանակ անցել էր Ադրբեջանին։ Հետո մերոնք ազատագրեցին»։

Սա Մոսկվայի Սկլիֆոսոֆսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի կրծքաորովայնային վիրաբուժության առաջատար գիտաշխատող Շահեն Դանիելյանի պատմածն էր իր մասին։ Մնացածը պատերազմի ու մեր բոլորիս հայրենիքի մասին էր։

Շահեն Դանիելյանը քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ վիրահատում էր Ստեփանակերտի հիվանդանոցում։

Առաջին պատերազմի ժամանակ Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի չորրորդ կուրսի ուսանող Շահեն Դանիելյանը, անհարմար զգալով Երևանում մնալ ու «հացի տալոնի կռիվ տալ», գնում է Ղարաբաղ։ Մի քանի ընկերներով։

Հարցազրույցը սղագրելիս մի քանի հարց առաջացավ, երբ Շահենին ուղարկում էի որևէ նախադասություն՝ ճշտում անելու համար, ինքն ուղղումն անում էր ու հետ էր ուղարկում՝ տեքստից իր մասին պատմող հերոսական մասերը լրիվ հանած։ Այնպես որ, հարգելի ընթերցող, բավարարվեք այսպիսի տեղեկությամբ․ մասնակցել է մի քանի շրջանների ազատագրման բուժապահովման գործին՝ հակիրճ և համեստ։ Վեցերորդ կուրսն ավարտելիս Շահեն Դանիելյանն արդեն մայոր էր։ Պատերազմից հետո, երբ գնացել է Մոսկվա սովորելու և պիտի հաշվառման կանգներ զինկոմիսարիատում, զինկոմը զարմացել է՝ քսանհինգ տարեկանում մայո՞ր․ զինկոմը կապիտան է եղել։

Մոսկվայի Սկլիֆոսոֆսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի կրծքաորովայնային վիրաբուժության առաջատար գիտաշխատող Շահեն Դանիելյանը

«Առաջին պատերազմի ժամանակ վիրտուոզ վիրաբույժ Վալերի Մարությանի ասիստենտներից մեկն էի, բազմաթիվ վիրահատությունների ժամանակ օգնել եմ իրեն։ Սա ոչ միայն հիացած ուսանողի կարծիք է Մարությանի մասին, այլև արդեն քսան տարի Մոսկվայի Սկլիֆոսոֆսկու հիվանդանոցի վիրաբույժի հայացք։ Նա ընդհանուր վիրաբույժ էր, բայց անհավանական բաներ էր անում, օրինակ՝ Աղդամի դաշտային հոսպիտալում գանգուղեղի բաց վիրահատություն, կարո՞ղ եք պատկերացնել։ Ես մինչև այսօր չեմ հասել Մարությանի մակարդակին։ Վիրահատության ընթացքում էլ սուլում էր։ Երբ եկա Մոսկվա ու տեսա Սկլիֆոսոֆսկու հիվանդանոցում ոնց են վնասվածք վիրահատում, հասկացա, որ Մարությանից շատ բան ունեն սովորելու»,- պատմում է Շահեն Դանիելյանը։

Բժիշկներն իրենց պատերազմը տանուլ չեն տվել

Զինվորները պատերազմը տանուլ չեն տվել, և դա իրոք այդպես է, որովհետև զինվորները համարձակ էին, թեև՝ տասնութ տարեկան։

Բժիշկները պատերազմը տանուլ չեն տվել, և դա այդպես է, որովհետև զինվորները պատմում են բժիշկների մասին։ Եվ փաստերն են պատմում բժիշկների մասին, ովքեր աշխարհի ամենաբարեկեցիկ ու վտանգից հեռու քաղաքներից, թողնելով իրենց բարձր աշխատավարձով իրականությունը, շտապել են դեպի հայրենի մղձավանջ, որ օգնեն։

Իսկ ո՞վ է տանուլ տվել այդ տանուլ տված պատերազմը։

«Պատերազմը սկսվեց, զանգեցի Նորայր Զաքարյանին՝ ընկերոջս․ վնասվածքաբան-օրթոպեդ է։ Ինքը գիտեր, որ ես պիտի զանգեի, ես գիտեի, որ ինքը պիտի զանգեր։ Երկու օրում կազմակերպեցինք, հինգ հոգով մեր հաշվին արձակուրդ վերցրինք, գնացինք օդանավակայան՝ չորս վնասվածքաբան և ես։

Ես կարծում էի երկար կտևի պատերազմը, հույս ունեի, որ պիտի դիմադրենք, մտածում էի՝ Մոսկվայում իմ ոլորտի էլի բժիշկներ կլինեն, որ կփոխարինեն ինձ Ստեփանակերտում։ Բայց սկզբի պահը որ անցավ, էմոցիոնալ համախմբվածությունը թուլացավ, մեկ-երկու շաբաթ հետո այն բժիշկները, որոնք ասում էին՝ պատրաստ եմ, հիմա մեկն ասում էր՝ նոր եմ ամուսնացել, մյուսը գործ ուներ, իսկ մեկն էլ նույնիսկ ասաց՝ դու ղարաբաղցի ես, դրա համար ես գնում»։

Իմ շրջապատում բոլորը շատ զգայուն են Հայաստանի հանդեպ, նաև զգում են այլ պետություններից եկող վտանգները։ Պատերազմը սկսվելուց անմիջապես հետո եկանք Ստեփանակերտ։ Որոշ ժամանակ անց վերադարձանք, հոկտեմբերի քսանյոթն էր, երբ երկրորդ անգամ եկանք։ Երևանում մեզ ասացին՝ սպասենք, ասում էին՝ գուցե չգնաք, մնացեք Երևանի հոսպիտալում աշխատեք, Ստեփանակերտում հաճույք չեք ստանալու ձեր գործից, մեծ վիրահատություններ չեք անելու, թեթև վիրավորներ են։ Ասում եմ՝ ես հաճույքի համար չեմ եկել։ Ահավոր էր։ Զգացի, որ եթե չգնանք՝ էլ չենք գնա, ու օդանավակայանից ուղիղ գնացինք Ստեփանակերտ։ Ճանապարհին արդեն խրամատներ կային աջ եզրին, դեպի Շուշի։ Հաջորդ օրը ճանապարհները փակվեցին։ Վիարվորներին Երևան տեղափոխելը բարդացավ։ Ստեփանակերտ հասանք ու տասնհինգ րոպեից մտանք վիրահատարան և միայն հաջորդ առավոտյան դուրս եկանք։

Կազմակերպչական մեծ դիլետանտություն կար։ Տոտալ չէին տիրապետում իրավիճակին։ Հայաստանի հանդեպ անշահախնդիր սեր չկա, սա հետսովետական Հայաստանից սկսված վիճակ է․ երեխաս, տունս, փողս, բայց հայրենիքը անշահախնդիր սիրողները քիչ են։

Ես եկա, որովհետև չեմ կարող ապրել, երբ գիտեմ, որ իմ տիրապետած այսինչ հմտությունը կփրկի վիրավոր զինվորին, իսկ եթե չլինեմ, զինվորը կմեռնի։ Վերջ, սա է հիմնավորումը։ Մենք գովազդվել բոլորովին չէինք ուզում, հրաժարվել ենք պարգևներից, չենք ուզել մեր մասին խոսեն, բայց մյուս կողմից՝ գիտե՞ք դա ինչի համար է պետք․ որ մարդիկ իմանան՝ կյանքի հանդեպ, հայրենիքի հանդեպ այսպիսի մոտեցում էլ կա։

Երբ առաջին անգամ հետ եկա ու նորից վերադարձա Ստեփանակերտ, տեղի անեսթեզոլոգներից մեկն ինձնից վիրավորվել էր, որովհետև իմ բացակայության ժամանակ պարանոցային վիրավորում ստացած մի զինվոր էր մահացել, չկարողացան կյանքը փրկել։ Վստահ եմ, որ կյանքի հետ անհամատեղելի վիրավորում էր ունեցել, բայց, միտքը, որ եթե ես լինեի, կապրեր զինվորը, ու ես չկայի, վիրավորել էր տեղացի բժշկին։

Ստեփանակերտի հիվանդանոցի քույրերը, բժիշկները մի աննկարագրելի ուժի տեր մարդիկ էին։ Իրենց հայրերը, ամուսինները, զավակները, եղբայրները ճակատում էին, իրենք օրերով վիրահատության էին մասնակցում, զգում էինք, որ երբ վիրավոր էին բերում, մոտենում, նայում էին դեմքին, մտածելով իրենց հարազատն է, հետո՝ անցնում գործի։ Այդ ահավոր տագնապով էին աշխատում օր ու գիշեր։

Վիրահատում էինք ու ամեն օր զգում մոտեցող աղետը։

Ես հոգով ու սրտով ուզում էի հավատալ տեղական լուրերին, բայց քանի որ ադրբեջաներեն գիտեի, լսում էի իրենց լուրերն ու հասկանում, որ հայտարարված ճանապարհային քարտեզն իրագործում են։

Նորայր Զաքարյանը կատակով ասում էր․ «Շահենը որ մոտենում է վիարահատական սեղանին, ոնց որ Կրիշտիանու Ռոնալդուն դարպասին մոտենա, նույնիսկ երբ հասկանում է, որ անհնար է փրկել՝ «бой ա տալիս»։ Ես իրոք մարտի մեջ էի մտնում ու վիրահատության ժամանակ մոռանում էի դրսի իրավիճակը։ Պատերազմի ժամանակ մի սարսափելի բան կա․ վիրաբույժները ստիպված են տեսակավորել վիրավորներին ու առաջնահերթությունը տալ փրկության հույս ունեցողներին։ Անհույսներին թողնում են, կոպիտ ասած։

Մենք պայքարել ենք բոլորի համար։ Չի եղել մի վիրավոր, որին թողնեինք որպես այլևս անհույս։ Երեք-չորս ժամ մի վիրավորի համար պայքարել ենք։ Սիրտը կանգ էր տալիս, անցնում էինք էլեկտրաշոկի, էլեկտրաշոկը չէր օգնում, սրտի մեջ ներարկում էինք անում։ Բժիշկները կռիվը տանուլ չեն տվել։

Չեք պատկերացնի ինչպիսի վիրահատություններ են եղել»։

Ընկերները

«Նորայր Զաքարյանը։ Նա ամեն տարի գալիս է Հայաստան։ Գյումրիում օրթոպեդիկ դպրոց է հիմնել, ամեն տարի կրթական գիտաժողով է կազմակերպում, որտեղ դասախոսում են աշխարհի տարբեր երկրներից եկած վնասվածքաբաններ։ Նա կարող է Մոսկվայում գիշերվա մեկին զանգել ու երկար խոսել Հայաստանին օգտակար լինելու իր ծրագրերի մասին։ Երբ ասում ես՝ վաղը հինգ պրոթեզավորում ունես, մեղք ես, գնա քնի, ասում է՝ լավ, էս էլ ասեմ ու գնամ։ Իսկ առավոտյան պարզվում է քեզ հետ խոսելուց հետո զանգել է մեկ ուրիշին ու մի ժամ էլ նրան բացատրել, թե ինչ է պետք անել Հայաստանի համար։ Նորայրի համար ես մականուն եմ հնարել կապված մարդկանց հանդեպ իր մեծ հոգածության հետ, բայց չեմ ասի։

Այս մասին պատմելս միայն մի նպատակ ունի՝ միայն խորոված ուտելով չե´ն սիրում Հայաստանը։ Ոչ մի շքանշան մեզ պետք չէ, մենք կհրաժարվենք դրանցից։ Պատկերացրեք, աշխարհի լավագույն կլինիկաներում մենք կոնսուլներ ունենք, ամեն կլինիկայում ունենք բարձրակարգ բժիշկներ, որոնք կարող են կամուրջ լինել, բայց չեն օգտագործվում ընդհանրապես, ընդհանրապես չի օգտագործվում այս ներուժը։

Սփյուռքի պատասխանատուներից մեկը հանդիպման էր եկել Մոսկվայի բժիշկների հետ, մենք հարց տվեցինք իրեն՝ որն է այս հանդիպման իմաստը։ Զգում էինք, մարդն ուզում է` կամուրջ դառնա սփյուռքի ու առողջապահության նախարարության միջև։ Բայց առողջապահության նախաարարությունն ինքը պետք է աբսոլյուտ կոնկրետ ծրագիր ունենա, ոչ թե մենք նախաձեռնենք, այլ ինքը պետք է օգտագործի մեր ներուժը, մեր առջև որոշակի խնդիր դնի։

Հունիսի հինգին Երևանում պատրաստվում ենք ընկերներով Ռուսաստան –Հայաստան կրծքային վիրաբույժների գիտաժողով կազմակերպել։ Կարծում եմ` նման կրթական ծրագրերը հնարավորություն կտան բարձրացնել բուժօգնության որակը, նաև՝ կապ հաստատել տեղի ու Ռուսաստանի բժիշկների միջև։ Մենք ենք առաջարկել, Երևանից շարունակական կրթության առաջարկ ու նախաձեռնություն չի եղել։

Մեր տեղեկություններով, մայիսին առողջապահության նախարարը պետք է գա Մոսկվա։ Պահանջել ենք, որ կոնկրետ ծրագրով գա, որ հասկանանք՝ առողջապահության ոլորտի զարգացման ծրագիր կա՞։

Անհատներ կան, նվիրված, հիանալի աշխատում են, մեծ ծավալի լուրջ գործ են անում։ «ՎԻՎԱ» հիմնադրամ կա՝ « Врачи и волонтеры Армении», Տատյանա Հովհաննիսյանն է ղեկավարում, ստեղծվել է ապրիլյան պատերազմի օրերին։ Այս հիմնադրամն այնպես աշխատեց, որ կառավարությունը դրա տասը տոկոսը չի արել՝ ցանկացած գործիք, դեղորայք, սարքավորում հաջորդ օրը հասնում էր տեղ։

– Ինչպես է լինում, որ անհատը կարողանում է, պետությունն իր հսկա ռեսուրսով՝ ոչ:

– Այ, ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս է լինում։ Ունենալով այսպիսի նվիրյալ մարդիկ, այսպիսի բարձր պրոֆեսիոնալներ` ինչո՞ւ ենք այս վիճակում։ Նույն Տատյանա Հովհաննիսյանը կարող է մի մեծ գերատեսչություն ոտքի կանգնեցնել։ Ինչու են դիլետանտները ղեկավարի դերում։

Այսքանով հանդերձ, ես կարծում եմ՝ ամեն ինչ չենք արել, ավելին կարող էինք, կային էլի մասնագետներ, որոնք կարող էին մասնակցել, բայց իրենք իրենց մասնակցությունն ապահովում էին մեր ողջությունը հարցնելով։ Մեզնից պարբերաբար հարցնելով «ոնց եք», սատարում էին Ղարաբաղին, Հայաստանին, տղաներին։ Ու ես պիտի վիրահատությունս թողնեի, որ պատասխանեի նրանց մեսիջներին։ Վերջում արդեն գրում էի՝ լավ կլիներ դու էլ այստեղ լինեիր։

Ատոմ Տեր Գրիգորյան․ վնասվածքաբան, սասունցի է ծագումով՝ Արմավիրի շրջանից, աշխատում է Մոսկվայում։ Մայրը տարեց կին է, Արմավիրում է ապրում։ Զանգել է Ատոմին, ասում է՝ Ատոմ, ամոթ չունես, երկիրը կռվի մեջ, բոլորը կռվում են, նստել ես Մոսկվայում։ Ատոմն արդեն մեզ հետ տասն օր Ստեփանակերտում էր։ Մորը չէր ասում, պատասխանում էր, թե շատ գործ ունի Մոսկվայում, չի կարող հիմա Ղարաբաղ գնալ։ Մայրը Արմավիրից ասում է՝ ի՞նչ գործ, այ տղա, դրա համա՞ր եմ քեզ մեծացրել։ Խեղճ Ատոմն արդեն տասը օր վիրահատում էր Ստեփանակերտի հիվանդանոցում։ Երբ եկանք Երևան, զանգեց մորը, թե՝ Երևանում եմ, գամ սուրճ խմենք, մայրն ասում է՝ Երևան ի՞նչ ես անում, Ղարաբաղ գնա։

Ատոմը էվակուացիայից երկու օր առաջ Երևանում էր ու հասկացել էր, որ վատ բան է սպասվում, վեր է կացել ու լրիվ պատրաստված հասել Ստեփանակերտ։ Ինքը հասկացել է, որ մենք խաղաղ ժամանակների վիրաբույժներ ենք, ու զգացել է, որ էվակուացիայի պայմաններում կարող է էքստրեմալ իրավիճակում չկողմնորոշվենք ու սարերով չկարողանանք դուրս գալ, եթե Ստեփանակերտը հանձնվի, ու պատկերացրեք, եկել է Ստեփանակերտ՝ հետը բերելով սաղավարտ, զրահաբաճկոն, գրպաններում չոր սնունդ, պաշտետներ, ճանապարհի քարտեզ, որ եթե սարերում մնանք, չմեռնենք։ Ատոմը Երևանից գալիս է Ստեփանակերտ, որ մեզ հանի։ Քելբաջարում մեր մեքենան փչանում է, ու ցրտին մեքենան հրելով գնում ենք այնքան, մինչև Վարդենիսի հետ կապը վերականգնվում է, ու կապվում ենք Յուրա Չանչուրյանի հետ։ Նա բժիշկ չէ, բայց մեր բոլոր հարցերը ինքն է կազմակերպել։ Նրա շնորհիվ մենք քովիդի պայմաններում կարողացանք մեր ուզած ժամանակ Մոսկվայից Երևան գալ, նրա շնորհիվ ոչ մի խնդիր չունեցանք, այդ օրն էլ ինքը մեզ օգնեց, որ Քելբաջարից դուրս գանք, լավ է, մի շիշ վիսկի ունեինք, չսառանք։

Ստեփանակերտ եկած բժիշկները՝ Արմեն Հակոբջանյանը, որն իր հետ իր ու իր ընկերների միջոցներով ժամանակակից սարքավորումներ ու դեղորայք բերեց, Զինաիդա Մարությանը, որը դեռ քովիդի ժամանակներից մեծ օգնություն է ցույց տվել, անոթաբան Գեորգի Խաչատուրովը Շվեյցարիայից, Գրիգորի Կարապետյանը, Արտակ Մացակյանը, Սերգեյ Հովհաննիսյանը, որ գիտե՞ք ինչ էր անում բացի բժշկությունից․ գրպանում ահագին փող էր պահում ու քաղաք իջնելիս ում պատահում, բաժանում էր, ասում էր՝ ուզում եմ մի բանով օգնեմ մարդկանց։ Արմեն Պետրոսյանը, Վազգեն Քոթանջյանը, որն իմ կրտսեր գիտաշխատողն է ու այնքան համոզեց ինձ, որ չկարողացա մերժել, ու եկավ վիրահատելու, պատասխանատու էի իր համար, երբ վիրահատում էր, հեռվից նայում էի, ու բոլորը կարծել էին՝ տղաս է։ Արմեն Խանոյանը՝ կրծքային վիրաբույժ Երևանից, որը պատերազմի առաջին իսկ օրը գնացել է Ստեփանակերտ և որի շնորհիվ կարողացա մի քանի օրով վերադառնալ Մոսկվա, Արամ Տեր-Մինասյանը՝ Փարիզից, Ժան Միշել Իքիրյանը, Շանթը՝ նույնպես Ֆրանսիայից, սիրիահայ անոթաբան Արգիշտի Արոյանը ։

Դավիթ Բարսեղյանը Երևանում է աշխատում, ծնունդով Ղարաբաղից է։ Չտեսնված տղա է Դավիթը։ Քառասունչորս օր աշխատել է Ստեփանակերտի հիվանդանոցում, լուռ, նվիրված, առանց որևէ գովազդի։ Այ, այս տղաները ֆեյսբուքյան «խամյակների» ու էս դիլետանտ բյուրոկրատների կողմից որևէ գնահատանքի չեն արժանացել»։

Շարունակությունը՝ այստեղ։

Մեկնաբանել