Ադրբեջանցիները խոշտանգել և սպանել են 19 հայ գերիների

Լուսանկարը՝ Associated Press-ի

Գերության մեջ հայտնված 19-ը հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից: Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ, դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- գրել է նա։

Արտակ Զեյնալյանը նաև հրապարակել է սպանված գերիների անունները։