Սկիզբը՝ այստեղ
Ստեփանակերտի հիվանդանոցը
– Այս հիվանդանոցը տարածաշրջանի, Երևանի լավագույն կլինիկաների մակարդակն ունի իր տեխնիկական հագեցվածությամբ, սպասարկման մակարդակով։
– Այդ դեպքում ինչո՞ւ են այդքան հաճախ մարդիկ Երևան գալիս բժշկի։
– Հավանաբար գալիս են նեղ ոլորտների մասնագետների մոտ, որովհետև նեղ ոլորտի բժշկական ծառայություն Ստեփանակերտում կազմակերպելն անիմաստ եմ համարում, քանի որ, ընդունենք՝ թոքի վիրաբույժը, հաշվի առնելով բնակչության քանակը, տարեկան հինգ թոքի մասնատում է անելու, իսկ այդ դեպքում չի կարողանա բարձր պրոֆեսիոնալ դառնալ, և հիվանդների քսան տոկոսը կմահանա։ Նեղ ոլորտի բժիշկը փորձ չի կարող կուտակել բնակչության այդ թվի պայմաններում։ Նեղ ոլորտի մասնագետները մեծ քաղաքներում են լինում, որովհետև մի քանի անգամ ավելի շատ են տարվա ընթացքում նման վիրահատություն անում, իսկ նեղ ոլորտի մասնագետն էլ, իր հերթին, չի կարող մեծ քաղաքից գալ և նստել սպասել, որ տարեկան հինգ հիվանդ գա կամ չգա։ Պետք է զարգացնել մեծ ոլորտները․ ընդհանուր վիրաբուժություն, կարդիոլոգիա, թերապիա։ Սրանք պետք է բարձրացվի բարձր մակարդակի։ Նեյրովիաբույժը Ստեփանակերտում չի կարող վիրահատել անոթային անևրիզմա, որովհետև տասից ավելի մոտեցում կա այդ վիրահատությանը ու շատ մեծ փորձ է պետք։ Ստեփանակերտում պետք է կարողանան լավ բուժել տարածված հիվանդությունները։
Պետք է ասեմ, որ Ստեփանակերտում անհետաձգելի բուժօգնությունը շատ բարձր մակարդակի է։ Վիրավորին ընդունում են, անմիջապես՝ ԿՏ (կոմպյուտերային տոմոգրաֆիա), ՈՒՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն), ռենտգեն, արյան հետազոտություն։ Սա շատ կարևոր է։ Կազմակերպվածությունն էլ է բարձր մակարդակի։
Ինչ վերաբերում է լավ մասնագետներին, առաջին պատերազմից հետո որոշները երկրից հեռացել են, բայց մի քանիսն էլ հսկայական փորձ ձեռք բերելով՝ մնացել ու աշխատում են Ստեփանակերտում՝ Սերգեյ Մովսիսիյանը, Կարեն Բազիյանը, Վլադիմիր Մուսայելյանը, Աշոտ Ադամյանն ու էլի մարդիկ։ Անոթային վիրաբույժ ունեն, սրտաբան ունեն, պատկերացրեք, Ստեփանակերտում մարդը մեկ ժամվա ընթացքում կարող է կորոնար ստենդավորում ստանալ։ Սա ժամանակակից պրոտոկոլի մեջ է։
Ես հիացած եմ Ստեփանակերտի հիվանդանոցի բուժանձնակազմով։ Անեսթեզիոլոգ Անահիտ Ավանեսյանը՝ նիհար, հոգնած, նույնիսկ բան չէր ուտում, ամեն վիրահատությունից հետո նստած մի քանի րոպե քնում էր ու անցնում մյուս վիարահատության․ համարձակ, լուրջ մարդիկ են։ Բուժքույրերը՝ գրագետ, պատրաստակամ, հոգատար։
Բիլայնի փոխարեն հայտնվեց «բիզիմդիր» գրառումը
«Մի ծանր առավոտ, երկար վիրահատելուց հետո դուրս եկա հիվանդանոցի բակ, հանեցի հեռախոսս ու նկատեցի, որ Բիլայնի փոխարեն հեռախոսիս վերին ձախ անկյունում հայտնվել է «բիզիմդիր» գրառումը։ Այս պայմաններում հավասարակշռություն էինք պահում, նույնիսկ՝ կատակում, ու մտնում վիարահտության»։
Երբ Մոսկվայի հիվանդանոցում հայ հիվանդ է հայտնվում, իրարանցում է սկսվում, բոլորին իրենով է անում, տասնութ տարեկան վիրավոր տղաները Ստեփանակերտի հիվանդանոցում ասում էին՝ հրամանատարիս փրկեք։
«Տասնութ տարեկան զինվորները իմ մեծ զարմանքն են, հպարտությունս, հիացմունքս, չեմ պատկերացրել նման բան։ Երբ Մոսկվայի մեր հիվանդանոցում հայ հիվանդ է հայտնվում, ամբողջ բաժանմունքն իմանում է, որ հայ հիվանդ կա․ տնքոց, նվվոց, բղավոց, իրարանցում, անհանգիստ վարք, դժգոհություն։ Ու ես միշտ բացատրում եմ, որ ազգային առանձնահատկություն է, ինչ արած, պետք է դիմանաք։ Իսկ պատերազմի ժամանակ հազարավոր տասնութ տարեկան տղաներ եմ տեսել, ծանր վիրավորված բերում են՝ ոչ մի բարձր տնքոց, ոչ մի ձայն, միակ հարցն ու խնդրանքը ընկերոջ կամ հրամանատարի մասին էր։ Կամ կողքի վիրահատական սեղանին հարազատ եղբայրը վիրահատվում է, ինքը՝ ծանր վիրավոր, շատ կիրթ խնդրում էր վիրաբույժին թույլ տալ եղբորը տեսնել մինչև վիրահատությունը։ Էմոցիոնալ այնպիսի պահեր ենք ապրել, որ բառերով հնարավոր կլինի փոխանցել, ոչ մի ուրիշ կերպ։ Դա էր պատճառը, կամ դրա շնորհիվ էր, որ օրերով, առանց դադարի վիարահատել ենք ու չենք զգացել։ Նույնը չեմ կարող ասել «մոբի» մասին։ Քառասունից հիսուն տարեկան մարդիկ, մեկը մի թեթև վիրավորվում է՝ հինգ-վեց հոգով գրկած բերում են, հարցնում ենք՝ ինչու եք այսքան հոգով իջել դիրքերից։ Նաև ծանրաքաշ են, վատառողջ։ Շատ ուժեղ դիսոնանս էր։ Մենք՝ բժիշկներս, հիացել ենք մեր ջահելներով։
Հիմա մեսինջերով ինձ գտնում են ու գրում, օրինակ՝ բժիշկ, ես 36 համարն եմ, ինձ հիշո՞ւմ եք, վիրահատել եք ինձ։ Ու ես, իրոք, հիշում եմ բոլորին, հենց այդ երեսունվեց համարին հիշում եմ շատ լավ»։
Նիկոլայիչ, հրոսակներուն լեզուն ծնարանի քովեն կլսվի
«Ծագումով սիրիահայ անոթաբան Արգիշտի Արոյանը, որն արդեն վաղուց երևանցի է, ինձ շատ յուրահատուկ ձևով «Նիկոլայիչ» էր դիմում։ Վերջին օրերն էին։ Բժիշկներին ավտոմատներ էին բաժանել, որ իրենց կարողանան պաշտպանել։ Առավոտյան չորսին վիրահատարանից դուրս եմ գալիս հիվանդանոցի բակ, Արգիշտին ավտոմատը ուսին մոտենում է ու ասում․ «Նիկոլայիչ, հրոսակներու լեզուն ծնարանի քովեն կլսվի»։
Հայրենիքը մշտական է, սահմաններն են փոփոխական։ Բոլորիս ավտոմատ են տալիս, ասում եմ՝ ավտոմատը տալիս եք՝ ինչ անեմ, ես անընդհատ ձեռքերս լվանում եմ, որ վիրահատեմ, ինչ լինելու է, կլինի»։
Ալեն Պողոսյանի կոնյակները
Ալեն Պողոսյանը պատերազմի ամբողջ ընթացքում Ստեփանակերտի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալն էր, կրծքային վիրաբույժ է, պատերազմի ամբողջ ընթացքում առանց դադարի աշխատել է՝ ընթացքում ոտքի վրա տանելով կորոնավիրուսային թոքաբորբ։ Քանի կարևոր մարդու մասին եմ լսել, որ պատերազմի ժամանակ եկել է Երևան՝ կորոնավիրուսի պատճառով կամ պատճառաբանությամբ։
«Ստեփանակերտի հիվանդանոցում հադրութեցի մտավորական-բժիշկ Ալեն Պողոսյանը, որ պատերազմի ամբողջ ընթացքում խոսեց մաքուր գրական հայերեն, ու ոչ մի անգամ, որևէ իրավիճակում չհայհոյեց, Հադրութում թողել էր իր նոր վերանորոգած տունը։ Իր կաբինետը երկրորդ հարկում էր։ Ալենը հրաշալի հին կոնյակներ ուներ՝ տասը, քսան տարվա։ Երբ վիրավորներ չէին լինում, բարձրանում էինք Ալենի սենյակ, ինքը ասում էր՝ ինչքան վիճակը վատանա, էնքան ավելի լավ կոնյակ ենք խմելու։ Վերջում ասում էի՝ Ալեն ջան, ոնց որ ամենալավ կոնյակը դեռ չենք խմել։ Ալենն ասում էր՝ դուք ուշադիր նայեք ինձ, եթե ծխեմ, ուրեմն՝ վերջ։
Ալենը չծխեց․․․»,- ասում է Շահենը։
Տարհանման օրը
«Շվեյցարիայից եկած անոթաբան Գեորգի Խաչատուրովն իր նախավերջին վիարահատությունն էր անում, ես՝ իմ վերջինը։ Բայց այդ մասին մենք դեռ չգիտեինք։ Խաչատուրովն արդեն երեք ժամ վիրահատում էր։ Մի վիրավոր տղա էր, մեկ օր մնացել էր Շուշիում։ Խաչատուրովը փորձում էր փրկել տղայի ոտքը, թեև արդեն զգացվում էր, որ ոտքի վրա փոփոխություններ կան։ Սկզբից կարեց երակը, արդեն պիտի անցներ զարկերակին։ Ես կողքի վիարհատական սեղանին էի վիրահատում։ Մեկ էլ զգացի, որ խառնաշփոթ սկսվեց։ Եկան հայտարարեցին, որ կես ժամ ժամանակ ունենք, ընդամնեը՝ երեսուն րոպե, հիվանդնաոցը տարհանվում է։
Խաչատուրովը երեք ժամ արած գործը փակեց, կապեց զարկերակը ու սկսվեց մի խայտառակ, անկազմակերպ էվակուացիա։
Այդ պահին ես իմ վիրահատությունը նոր էի սկսել, մի քսան րոպե, մոտավորապես։ Մի մոսկվացի տղայի էի վիրահատում, ռուսալեզու հայ տղայի։
Արդեն առաջվա նման վիրավորներին չէին կարողանում տեղափոխել Երևան։ Պատերազմի սկզբում շտապօգնության մեքենաները օրը քսանչորս ժամ գնում-գալիս էին։ Հետո ճանապարհները փակվեցին, տեղափոխելը բարդացավ, ու տարհանման պահին հիվանդնանոցում բազմաթիվ ծանր վիրավորներ, վիրահատվածներ ու անգիտակից զինվորներ կային։
Վիրահատական քույրերը շփոթվել էին, ասեղները կոտրվում էին, թելերը կտրվում էին, գործիքներն ընկնում էին հատակին։
Պատգարականերով իջեցնում էինք վիարահատված զինվորներին, անգիտակից վիրավորների դեմքերին արհեստական շնչառության սարքերը դրած փորձում էինք մտցնել մեքենաների մեջ։ Կանայք լացում ու գոռում էին։ Բոլորը սարսափն աչքերում չգիտեն իրենց անելիքը։ Իսկական ապոկալիպտիկ վիճակ։
Քաղաքի վրա ցածր մառախուղ էր, ու այդ ապոկալիպտիկ մթնոլորտում նայում եմ՝ տեսնեմ մի հինգ-վեց կով մտել են հիվանդանոցի բակ ու ֆանտաստիկ հանգստությամբ արածում են հիվանդանոցի հավասար կտրած գազոնի խոտը։ Սոսկալի հանդարտությամբ ու դանդաղ են արածում գազոնի խոտը, ոնց որ հասկանային, որ մարդիկ գնում են․․․․
Ինչի համար էր այդ խուճապը։ Ինչու եղավ այդ խուճապը։ Թշնամու առաջխաղացումը արդեն քանի օր տեսանելի էր։ Ինչու գոնե մեկ օր առաջ, նախապես զգուշացնելով, որ պատրաստվենք, չարեցին այդ տարհանումը։ Ինչո՞ւ։
Մեզ տեղափոխեցին մի տեղ, որտեղ հիվանդանոցին հատկացված տարածքում բացարձակ ոչինչ չկար։ Ինչ անել այստեղ։ Մեկ ժամից հրաման եկավ, որ բժիշկների մի մասը պետք է վերադառնա։ Սերգեյ Մովսիսյանը, Դավիթ Բարսեղյանը, Անահիտ Ավանեսյանը, Ալեն Պողոսյանը վերադարձան, մենք գնացինք Երևան։ Սա ամենածանր օրն էր այդ քառասունչորս օրվա ընթացքում, երբ թողնում ես մարդկանց, որոնց հետ ծանր էմոցիոնալ պահեր ես ապրել, ծանրագույն քառասունչորս օր ես անցկացրել ու արդեն հարազատ են քեզ։ Մենք թողեցինք նրանց ու եկանք Երևան, իրենք գնացին հետ։
Ու Դավիթը վերջին պահին հետաքրքվում էր իմ անվտանգությամբ, երբ ինքը հետ էր գնում, անհասականալի է՝ ուր։
Պատեազմից հետո
«Պատերազմից հետո, Երևանում մի տեղ, մի սեղանի շուրջ շատ կոտրված նստած ենք տղաներով, ասում եմ՝ տղերք, դուք հիմա մեր էս ընկերությանը որպես «пляжный роман» եք վերաբերվելո՞ւ, թե՞ սա՝ ընդմիշտ է։ Հակոբջանյան Արմենն ասաց՝ «մինչև կյանքիս վերջ դուք իմ եղբայրներն եք»։
Պատերազմը, Ստեփանակերտի մեր հիվանդանոցը, մեր անցած ուժեղ պահերը այս ընկերությունը դարձրին մի աներևակայելի բան»։ Որոշել ենք մեր վիրավոր զինվորների վերականգնողական հիմնադրամ ստեղծել՝ ներառելով պրոթեզավորումն ու հոգեբանական ծառայությունը։ Այսօր այդ հիմնադրամը՝ «Eternal Nation», գործում է Արմեն Հակոբջանյանի անսպառ էներգիայի շնորհիվ։ Հիմնադրամը մայիսի 1-2-ը կրթական սեմինար է անցակցնում Հայաստանի վնասվածքաբանների ու օրթոպեդների համար։
Խաղաղ Հայաստան
«Այսօր պիտի անձանգիր ստանամ։ Հայաստանի անձնագիր չունեմ, Հայաստանի քաղաքացիություն չունեմ։ Երբեք չեմ ունեցել, Ղարաբաղից որ եկա բուհ ընդունվելու,
սովետական կարմիր անձնագրով էի։ Հետո գնացի Մոսկվա, ռուսական անձնագիր ստացա։
Պատերազմից հետո, այսքանից հետո գնում եմ անձնագիր ստանալու, ասում են՝ վաղը եկեք, համակարգը չի աշխատում։ Վաղն եմ գալիս՝ հինգ րոպե սպասեք, հիսուն րոպե սպասում եմ։ Հետո՝ հիսուն տարեկան չկաք, պիտի գնաք զինկոմիսարիատ հաշվառման կանգնելու։ Ասում եմ, ես մայոր եմ, բայց գրքույկս ինձ մոտ չի, գնում եմ զինկոմիսարիատ, ասում են՝ էս թղթերը տարեք քսերոքս արեք․․․ դե, վաղն էլ ապրիլի քսնաչորսն է, գիտեք՝ չենք աշխատում, երկու աշխատանքային օրից եկեք հաշվառման համար․․․ և հետո մի միջնորդությամբ, մի զանգով, այն մարդիկ, որոնք ինձ սպասեցնում էին, ակնթարթորեն կնիքը դնում են։ Եվ այսպես բոլոր ոլորտներում։
Հետո ասում են բիոմետրիկ անձնագիր տալ չենք կարող։ Հարցնում եմ՝ ինչու, ասում է՝ համակարգը չի աշխատում» ։
Համակարգը չի աշխատում․․․․ ուրիշ բան նկատի ունի, իհարկե, կոնկրետ բան նկատի ունի, բայց շատ դիպուկ նախադասություն է ձևակերպված՝ համակարգւ չի աշխատում։
***
Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Շահեն Դանիելյանը պատմեց մեր կռվի ու պարտության մասին, մեր ինքնավստահ դիլետանտության մասին։ Բայց այդ օրը, պատերազմից հետո առաջին անգամ մարդու բնական ոգևորություն հայտնվեց իմ մեջ, որովհետև եթե այսքան մարդ կարող է լինել անշահախնդիր, ուժեղ, համարձակ, ուրեմն դա հնարավո՞ր է։