Շուտով Հայաստանում հնարավոր կլինի COVID-19 դեմ պատվաստվել նաև մոլերում և հրապարակներում

Շուտով Հայաստանում հնարավոր կլինի պատվաստվել նաև հանրային վայրերում՝ հրապարակներում, մոլերում, փողոցներում։ Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ամերիկահայ վիրաբույժ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շխրտումյանը, որը Հայաստանի առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում պատվաստումների գործընթացում փորձի փոխանակում է իրականացնում։

«Շատ շուտով հանրային վայրերում պատվաստում կիրականացվի, որը հնարավորություն կտա քաղացիներին, բնակիչներին շատ արագ ձևով և առանց խնդիրների ստանալ իրենց պատվաստումը։ Դա կլինի տարբեր հանրային վայրերում, օրինակ՝ մոլերում, հրապարակներում կամ փողոցներում։ Նախարարությունը գնում է այդ քայլին»,- նշեց նա։

Շանթ Շխրտումյանի խոսքով՝ հանրային վայրերում լինելու են փոքր բուժկետեր։

Նա հայտնեց, որ ամբողջ աշխարհում բնակչության մոտ 7 տոկոսն արդեն պատվաստվել է, բայց շատ տարբեր են առանձին երկրներում պատվաստվածների ցուցանիշները։ Օրինակ, Իսրայելում բնակչության մոտ 60 տոկոսն է պատվաստվել։ Շխրտումյանը ներկայացրեց նաև տարածաշրջանի երկրներում պատվաստման գործընթացի արդյունքները, մասնավորապես, Ադրբեջանում պատվաստվել է բնակչության 9 տոկոսը, Թուրքիայում՝ 16 տոկոսը, Ռուսաստանում՝ 8,5 տոկոսը, Վրաստանում՝ 1,1 տոկոսը։ Հայաստանում պատվաստածների թիվը 0,1 տոկոսից ցածր է։

Մայիսի 3-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 4 786 մարդ։

Մինչ օրս Հայաստան է ներմուծվել 24 000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Հետագայում երկու խմբաքանակով ներկրվել է «Սպուտնիկ V», առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ՝ 7 500 մարդու համար, երկրորդ խմբաքանակը՝ 14 000 մարդու համար։ Մայիսի 1-ին Չինաստանը Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրել է COVID-19-ի դեմ CoronaVac պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217 407 դեպք, որոնցից 201 107-ն` առողջացած, 4 165-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 106 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 996 955 թեստավորում:

Մեկնաբանել