Լավրովը ժամանում է Երևան՝ քննարկելու Ղարաբաղի շուրջ համաձայնությունների կատարումը

Լուսանկարը՝ արխիվային

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ մայիսի 5-ին, կժամանի Երևան, որտեղ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ: Մայիսի 10-11-ին ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Բաքու, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, շփումների ընթացքում ենթադրվում է «հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»:

Բանակցությունների առաջնային թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա պայմանավորվածությունների կատարումը։ «Առաջնահերթ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման գործնական ասպեկտներին», – նշել է Զախարովան:

ՏԱՍՍ-ը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է մնալ Լավրովի ուշադության կենտրոնում։ Ապրիլի 1-ին նա Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հետ: Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկվել է նաև Թեհրանում Լավրովի ու Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպման ժամանակ:

Մեկնաբանել