Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամանակի ընթացքում հասանելի կդառնա․ Անդրանիկ Քոչարյան

անդրանիկ քոչարյան- andranik kocharyan

Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի շատ դրվագներ գաղտնիությունից դուրս կգան և հասանելի կդառնան հանրությանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Իհարկե, ես կուզեի մեր կատարած աշխատանքը հանրայնացվեր։ Նման քննիչ հանձնաժողով, այսպիսի կարևորության, այսպիսի ծավալի աշխատանք երևի ոչ մի անգամ չի իրականացվել։ Երբ եկավ եզրակացություն, որ մենք խնդիր ունենք գաղտնիության հետ, բնականաբար, այստեղ արդեն իմ ցանկությունները մղվում են հետին պլան։ Մենք շարժվում ենք պետական գաղտնիքի մասին օրենքի պահանջով»,- նշեց նա։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ գաղտնիության ռեժիմից օգտվելու իրավասություն ունեցող ցանկացած անձ կարող է ծանոթանալ թե զեկույցին, թե զեկույցի հիմքում դրված ձայնագրություններին։

«Իմ կարծիքով այդ զեկույցը պետք է չմնա այսպես, ուսումնասիրման հաջորդ փուլը պետք է անեն զինվորական դատախազությունը, գլխավոր դատախազությունը, քննչական մարմիններ։ Այնտեղ կան դրվագներ, որ համապատասխան մարմինները պետք է առնվազն ուսումնասիրեն։ Զեկույցի դրվագներն արդեն ունենալու են շարունակություն, տարբեր մարմինների կողմից եթե անհրաժեշտ է տրվեն քրեաիրավական գնահատականներ»,- ասաց նա։

Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ զեկույցում թե սպառազինությանը, թե հետախուզությանը, թե կառավարմանը, թե քաղաքական որոշումներին վերաբերող դրվագներ կան։

Քոչարյանը նշում է, որ չեն կարող շրջանցել գաղտնի ռեժիմը և հրապարակել փաստաթուղթը, բայց դա չի նշանակում, որ զեկույցը «կկորի»․ «Նման բաները պահվում են ինչ-որ ժամանակ, հետո բացվում են, ուսումնասիրվում են»։

Այսօր Ազգային ժողովի փակ նիստում քննարկվել է ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Նիստի ընթացքում Անդրանիկ Քոչարյանը 1 ժամանոց ելույթով ներկայացրել է զեկույցի հիմնական հատվածները․ «ԱԺ նախագահն առաջարկել է ելույթի ոչ գաղտնի դրվագները դրվեն, որը պարունակում է որոշակի ծաղկաքաղ զեկույցից։ Այս պահին ես վստահ չեմ՝ դրանք որ մասերին կառնչվեն, բայց այդպիսի առաջարկ ԱԺ նախագահի կողմից հնչեցվել է և մենք առաջիկա 2-3 օրերի ընթացքում, եթե գտնենք այդպիսի կտորներ, անպայման կփորձենք հանրայնացնել։ Հանրությունից պետք է չպահվի»,- նշեց նա։

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել էր 2019-ին։ Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել էին Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Սեյրան Օհանյանն ու այլք։ Նախատեսված էր, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքներն ամփոփող զեկույցը պետք է հրապարակվի, սակայն 2021-ի ապրիլի 2-ին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ հնարավոր է ԱԺ ամբիոնից ներկայացնի 97 էջանոց զեկույցի՝ հրապարակման ենթակա հատվածները: Ավելի ուշ որոշվեց քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկել միայն խորհրդարանի փակ նիստում։

Մեկնաբանել