Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Ադրբեջանում է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 5-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Սա Վրաստանի վարչապետի առաջին օտարերկրյա այցն է։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ղարիբաշվիլիին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանին «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործմանն աջակցելու համար։

«Այդ նախագիծը կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ամբողջ Եվրասիական տարածաշրջանի համար։ Առանց ձեր համագործակցության դա անհնար կլիներ»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերը փոխել են տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ քարտեզը։

Ղարիբաշվիլին Ալիևին հրավիրել է Վրաստան։

Այցի ընթացքում Վրաստանի վարչապետը հանդիպելու է նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին և խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովային:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում Վրաստանի դեսպան Զուրաբ Փաթարաձեն հայտարարել է առաջիկայում երկու երկրների միջև սահմանային հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման մասին:

«Վստահ եմ, որ կողմերը մոտ ապագայում նախատեսված նիստին հարցը կլուծեն՝ համաձայն բարեկամության և ռազմավարական գործընկերության սկզբունքների»,- նշել է դեսպանը:

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել