Արցախի միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք: Նա հանդիպել է տեղի բնակչության ու շրջանների ղեկավարության հետ, քննարկել համայնքներում առկա խնդիրները, զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Գետավանում, Զարդախաչում, Հաթերքում, Զագլիկում, Չափարում և Ակնաբերդում շարունակվելու են շինարարական աշխատանքները՝ ուղղված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար նոր բնակելի տների կառուցմանը, հին բնակֆոնդի վերանորոգմանը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանն ու վերակառուցմանը: Անդրադառձ է կատարվել նաև շրջաններում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին և նշվել դրանց նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով անվտանգային միջավայրին՝ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ Արցախն այդ ոլորտի խնդիրները փորձում է լուծել համադրելով Պաշտպանության բանակի, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ջանքերը և կողմնակից է բոլոր խնդիրների խաղաղ կարգավորմանը:

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Մեկնաբանել