Ալավերդցի Վահեն զոհվեց բոլորի, այդ թվում իրեն բիճ անվանողների համար

Ալավերդցի Անահիտը իրեն մեղավոր է զգում 44-օրյա պատերազմում զոհված որդու ծանր մանկության և չստացված կյանքի համար։ Որդուն նա ունեցել է 1988-ին՝ արտամուսնական ճանապարհով, ու մշտապես արժանացել համայնքի ու ընտանիքի խարանին։ Դառը անցյալի ու ծանր ներկայի վշտի մեջ Անահիտը ցանկանում է երեխա որդեգրել՝ իր Վահեի հիշատակը պահելու համար։

Ալավերդցի Վահե Գասպարյանը հոկտեմբերի 20-ին է զոհվել՝ Ղարաբաղում։ Նրան հողին են հանձնել դեկտեմբերի 7-ին: Վահեն պատերազմի առաջին օրերին զորամասի 170 պայմանագրային զինծառայողների հետ Տավուշից մեկնել է Ղարաբաղ: Մարտական ընկերները Վահեի մորը՝ Անահիտ Գասպարյանին, պատմել են, որ որդին խիզախ կռվել և շրջափակումից փրկել երեսուն ընկերներին:

Վահեն վերջին անգամ օգոստոսի 14-ին է բարձրացել Բաղանիսի (Տավուշ) դիրքեր: Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվել է պատերազմը, նա խոսել է մոր հետ: Ասել է՝ իրենց դիրքերում ամեն ինչ խաղաղ է: Ղարաբաղից մոր հետ խոսել է հոկտեմբերի 19-ին: Մայրն ասում է՝ այդ ժամանակ չի իմացել, որ Վահեն Ղարաբաղում է. «Հարցրի՝ երբ ես գալու: Ասավ՝ չգիտեմ»,- հիշում է Անահիտը: Հոկտեմբերի 20-ին անհանգիստ մայրը կրկին զանգում է որդուն: Վահեն արդեն անհասանելի էր:

Անահիտը որդու զոհվելու հաջորդ օրն է իմացել նրա՝ Ղարաբաղում գտնվելու մասին: «Վահեն շատ հայրենասեր մարդ էր: Ասում էր՝ մամ, քեզ ինչքան շատ սիրեմ, հայրենիքից շատ չեմ կարող սիրել»,- պատմում է Անահիտը:

Անահիտ Գասպարյանը

Անահիտն ասում է, որ միակ որդուն առանց ամուսնու է ունեցել։ Այդ պատճառով սկզբում հարևանները, ապա նաև մյուս ալավերդցիները որդուն «բիճ» մականունն էին դրել: Որդուն բիճ ասող հարևանների հետ մայրը սկզբում կռիվ էր տալիս: Հիմա Անահիտին թվում է՝ որդին իրեն բիճ ասողներին սեփական կյանքի գնով շատ ծանր պատասխան է տվել։

«Ես իմ երեխային բիճ չեմ համարում: Ես պետության համար զինվոր եմ ծնել ու դաստիարակել: Ու այսօր էլ Վահես՝ իմ թանկ որդին, գնաց պատերազմում զոհվեց բոլորի, այդ թվում իրեն բիճ անվանողների համար»,- արտասվում է մայրը:

Որդու զոհվելուց հետո իր ապագայի նկատմամբ լավատեսությունը կորցրած Անահիտի կարծիքով՝ եթե հայր ունեցող շատ տղաներ պատերի տակ թաքնվելու փոխարեն Վահեի նման զենք վերցնեին ու մեկնեին պատերազմ, երկիրը պարտվողի վիճակում չէր հայտնվի:

Վահեն ծնվել է 1988-ին: «Ես վատ բան չեմ արել: Եթե ես կարգին մայր ունենայի, կյանքի այս ճանապարհով չէի գնա: Երբ տասներորդ դասարանն ավարտեցի, հասկացա, որ աններելի ճանապարհ եմ ընտրել: Ես հոգուս խորքում երբեք չներեցի իմ մորը: Բաներ կան, որ չեմ կարող ձեզ պատմել»,- ասում է Անահիտը: Նա երբեք ամուսնացած չի եղել: Վահեին ունեցել է 18 տարեկանում: Սկզբում ծնողները՝ հատկպես մայրը և հինգ քույրերը մարտնչել են հղի Անահիտի դեմ: «Ալավերդու փողոցները մաքրող Շաքարի աղջիկն եմ, կճանաչեք: Հայրս հետո սկսեց ինձ ու երեխայիս տերություն անել: Նա տան անդամներին հայտարարել էր, որ ինձ ու Վահեին հիվանդանոցից տուն է բերելու, ասել էր ում դուր չի գալիս, թող տնից հեռանա»:

Անահիտը հիշեց, որ մի օր տուն Վահեին որդեգրող է եկել, չի տվել, ավելին՝ վիրավորվել է: Պատմեց, որ միայնակ մոր իր 20 ռուբլի թոշակով, 35 ռուբլի նպաստով ու փողոց մաքրելով է մեծացրել որդուն: Ու թեև քիչ փող է վաստակել, սակայն որդու համար միշտ ամենագեղեցիկ շորերն է առել: Անահիտը տղայի հետ ապրել է Ալավերդու Սարահարթ թաղամասի 1/18 շենքի նկուղային հարկի հազիվ 15 քմ մակերեսով մեկ սենյականոց բնակարանում: Տանը մի կերպ տեղավորված երկու մահճակալ և մեկ փոքր պահարան կար:

Անահիտը հիշում է, որ իր և որդու համար ծանր են եղել հատկապես 1990-ականների վերջին տարիները: Այդ ժամանակ Ալավերդու քաղաքապետարանի «Բարեկարգում» ՍՊԸ-ն փողոցների մաքրուհիների աշխատավարձը ամիսներով չէր վճարում: Անահիտը ստիպված սրանից, նրանից պարտքով փող է խնդրել որդուն կերակրելու համար:

Գովում էր որդուն, ասում, որ աղքատության ամենածանր տարիներին անգամ նա աչքը գողության չի գցել:

Մի օր վաղ առավոտյան 11-ամյա Վահեն սեղանին մոր համար գրություն է թողել. «Մամ ջան, չվախենաս, գնում եմ Բագրատաշենի շուկայում աշխատելու»: Անահիտը երկտողը կարդալուց հետո խուճապի է մատնվել: Այդ գիշեր երեխան տուն չի եկել: Հաջորդ օրը վաղը առավոտյան որդու հետևից մայրը մեկնել է Բագրատաշեն: Վահեին գտել է Բագրատաշենում աշխատող ալավերդցի բեռնակիրների մոտ: Անահիտն ասում է, որ այդ օրը ինքն ու տղան բեռնակրությամբ փող են աշխատել, հետո Բագրատաշենում տուն են վարձել և շարունակել իրենց ծանր աշխատանքը․ «Ես ու Վահես այդ կյանքին հարմարվեցինք: Հինգ տարի բեռնակիր աշխատեցինք Սադախլոյի և Բագրատաշենի շուկաներում»:

2004-ի դեկտեմբերի 20-ին Սադախլոյի շուկան փակվում է: Այդ ժամանակ Վահեն մոր հետ հինգհազարական դրամ օրավարձով աշխատում են Բագրատաշենի խոշոր հողատերերի հողամասերում: Դաշտում էին առավոտյան 6-ից մինչև երեկոյան 9-ը: Վահեն վաստակած փողով իր համար հագուստ է առել, աշխտավարձի մի մասն էլ տվել մորը: Անահիտի խոսքով՝ որդին երբեք չէր տրտնջում ծանր աշխատանքից: Հակառակը, միշտ հպարտանում էր, որ մորն օգնում է հաղթահարել դժվարությունները:

Վահեն մինչև վեցերորդ դասարան է դասի գնացել: Սովորել է Ալավերդու 12-րդ դպրոցում: Դասվար Ամալյա Քարամյանը Վահեին դասավանդել է մինչև երրորդ դասարան: Տարեց ուսուցչուհին տեղյակ չէր պատերազմում իր աշակերտի զոհվելու մասին. «Շատ ակտիվ, ճարպիկ ու սիրվող երեխա էր: Վատ երեխա չէր, միշտ օգնում էր ընկերներին: Մայրը շատ պատահական էր գալիս դպրոց, խիստ անհրաժեշտության դեպքում, դժվարությամբ էր փող վաստակում: Վահեն ընդունակ երեխա էր, սակայն նրանով զբաղվող չկար»,- ասում է ուսուցչուհին:

Անահիտն ասում է, որ այդ տարիներին իր համար առաջնայինը որդուն զուտ սննդով ապահովելն էր: Վահեն 32 տարեկան էր, չէր հասցրել ամուսնանալ: Մորը բացատրել էր, որ տուն առնելուց հետո է ամուսնանալու:

«Իմ միակ երազանքը դարձել էր Վահեի համար նոր, կահույքով տուն առնելը։ Երազում էի, որ նա էլ գտներ իր սրտի աղջկան, և գեղեցիկ ընտանիք կկազմեր»,- ասում է Անահիտը:

ՀՀ նախագահի 2021-ի մարտի 4-ի հրամանով՝ Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Վահե Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Դա Անահիտի աչքին չի երևում: Նա իրեն շատ մեղավոր է զգում պատերազմում զոհված որդու ծանր մանկության և չստացված կյանքի համար:

Անահիտը հիսուներեք տարեկան է: Որդու զոհվելուց հետո երազում է մանկատնից չորս-հինգ տարեկան երեխա որդեգրել. «Ես որդուս հիշատակը չկորցնելու համար երեխայի անունը Վահե պետք է դնեմ»: Համարում է, որ որդեգրած երեխային կրթելու և դաստիարակության համար իր 110 հազար դրամ աշխատավարձը բավարար կլինի: «Ես այդ երեխայի դասերը ամեն օր կսովորեցնեմ, սպորտի կուղարկեմ, հայրենիքիս համար լավ քաղաքացի կմեծացնեմ»,- ասում է Անահիտը: Նա պատրաստվում է երեխա որդեգրելու համար նոր բնակարան գնել:

Լարիսա Փարեմուզյան

Մեկնաբանել