Բիոլաբորատորիաներ, Ալիևի սպառնալիքներ ու ապաշրջափակում․ ինչ խոսեց Լավրովը Երևանում

Իլհամ Ալիևի՝ ուժի գործադրմամբ Նախիջևանի միջանցք բացելու սպառնալիքները, հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, ղարաբաղյան կարգավորման գործընթացն ու կենսաբանական անվտանգության խնդիրները: Ահա այն հիմնական թեմաները, որոնց մասին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը խոսեցին Երևանում մայիսի 6-ին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսին:

Բիոլաբորատորիաների մասին

Հայաստանն ու Ռուսաստանն այնուամենայնիվ ստորագրեցին դեռևս 2019 թվականից բանակցվող՝ ամերիկյան ֆինասավորմամբ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագիրը: Հատկանշական է, որ անցյալ տարի մայիսի 1-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր COVID-19 համավարակի պատճառով Ռուսաստանի հետ կենսաբանական լաբորատորիաների մասին հուշագրի կնքման գործընթացի դանդաղեցման մասին: Շուրջ մեկ ու կես տարի անց Հայաստանն ու Ռուսաստանը ստորագեցին կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ միջկառավարական հուշագիրը:

«Հայաստանն ու Ռուսաստանը միջկառավարական հուշագիր են ստորագրել կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ», – Արա Այվազյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ փաստաթուղթը կարևոր ներդրում է ունենալու «այդ զգայուն ոլորտում համագործակցության մեջ»։ Լավրովը խոսեց նաև այս հարցում է՛լ ավելի առաջ գնալու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այն քննարկվելու է նաև «բազմակողմ ձևաչափերի շրջանակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում»:

2019 թվականի նոյեմբերի 11-ին Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Լավրովը լրագրողներին ասել էր, որ Հայաստանի բիոլաբորատորիայում ռուս մասնագետների մուտքի մասին հուշագրի շուրջ բանակցություններն ավարտվել են: 2020 թվականի մայիսին Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ հուշագրի նախագիծը չի նախատեսում որևէ կողմի իրավունք մուտք գործելու լաբորատորիա կամ միակողմանի վերահսկողություն իրականացնել դրանց նկատմամբ:

Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար և խոստացել հասնել նրան, որ տվյալ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա: ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներ, որտեղ կենսաբանական հետազոտություններ են արվում, ուսումնասիրվում են վիրուսներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:

Մոսկվայում այդ կառույցների գործունեությանը կասկածամտորեն են վերաբերվում: Պատճառներից մեկն այն է, որ դրանց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ը: Հայաստանի Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին 2019թ. նոյեմբերին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էր, որ խնդիր չի տեսնում այս ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության հարցում: Այս կառույցները, ըստ նրա, հայկական լաբորատորիաներ են, այնտեղ աշխատում են հայ մասնագետներ և դրանք Հայաստանի վերահսկողության ներքո են:

ՌԴ-ն դեմ է խաղաղ գործընթացի «քաղաքականացմանը»

Համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանը, նշեց, որ Ռուսաստանը դեմ է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի «քաղաքականացման» փորձերին։

Նա Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը համարել է «պահանջված», բայց միաժամանակ բոլորին հորդորել է զերծ մնալ գործընթացի «քաղաքականացումից»։

Ռուսաստանը, հիշեցրեց Լավրովը, վճռորոշ դեր խաղալով պատերազմը դադարեցնելու հարցում՝ բոլորից առավել շահագրգռված է, որ բոլոր պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչվեն։ Նա չի կասկածում, որ երբ հայերն ու ադրբեջանցիները սկսեն օգուտներ զգալ խաղաղ կյանքից՝ ձերբազատվելով պատժամիջոցներից ու շրջափակումներից, նրանք կսկսեն այլ կերպ վերաբերվել այն հարցերին, որոնք այսօր «որոշ գործընկերներ փորձում են առաջին պլան մղել»։

«Պետք չէ քաղաքականացնել գործընթացն այսօր, երբ քննարկվում են տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի հարցերը», – շեշտեց Լավրովը:

Նրա խոսքով՝ դրանք գործնական և հասկանալի բաներ են, որոնք անհրաժեշտ են, որպեսզի տարածաշրջանը ազատ շունչ քաշի։ «Նրանք, ովքեր առաջարկում են այդ հարցերը թողնել հետո, իսկ հիմա զբաղվել քաղաքական բանավեճերով, գործընթացը գլխիվայր շուռ են տալիս։ Քաղաքական հարցերն ավելի հեշտ է լուծել, երբ մարդիկ սկսում են նորմալ ապրել», – ասել է Լավրովը:

Ալիևի սպառնալիքների մասին

Ասուլիսի ավարտին, պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի նախագահի սպառնալիքների վերաբերյալ հարցին, Լավրովը նշեց՝ եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չկա, սակայն դրանք պետք է իրականացվեն «բացառապես կամավոր սկզբունքով՝ փոխշահավետ հիմունքներով»:

Այս տարվա ապրիլին Ալիևը պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն բացելու է «Զանգեզուրի միջանցքը»՝ անկախ նրանից ցանկանում է Հայաստանը, թե ոչ: Ընդ որում, Ադրբեջանի նախագահը սպառնացել է ուժով լուծել հարցը։

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ Երևանում կայացած բանակցություններում հայաստանցի գործընկերոջ հետ քննարկվել են հետպատերազմական շրջանում կարգավորման բոլոր խնդիրները: «Երեք առաջնորդների հայտարարության հիման վրա մշակված հաղորդակցության ապաշրջափակման մեխանիզմը նախատեսում է իրականացման բացառապես կամավոր սկզբունք՝ փոխշահավետ հիմունքներով», – ասաց Լավրովը:

Լավրովի խոսքով՝ այդ մեխանիզմը որևէ այլ բան չի ենթադրում, բացի դիվանագիտական համաձայնությունից և որոշումներից, որոնք թույլ կտան լիովին ապաշրջափակել տնտեսական ուղիները: «Ուստի ցանկացած հարց, որը կտրվում է երեք առաջնորդների այդ պայմանավորվածություններից, իհարկե, չի կարող ընկալվել որպես այլընտրանք այն բանի, ինչի մասին պայմանավորվել են», – ասաց նա։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել