Պուտինը կարող է «լավ տղա» լինել Ղարաբաղի հարցում. Բեռնար Քուշներ

«Իմ գաղափարն այն է, որ [Արևմուտքը] առաջարկի Պուտինին… խաղալ լավ տղայի և ոչ թե վատ տղայի դեր, եթե նա ի վիճակի է ինչ-որ լուծում առաջարկել [Ղարաբաղի հարցում]». այսպիսի հայտարարություն է արել Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները՝ ելույթ ունենալով Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Դեն Ֆրիդի և Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանի հետ առցանց քննարկմանը, որը կազմակերպել էր Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի ղեկավար Դեյվիդ Ֆիլիպսը։

Քուշները նշել է, որ ռուսական ուժերը, չնայած որոշակի ուշացումով, կարողացան խաղաղություն հաստատել Ղարաբաղում, և առաջարկը հնարավորություն կտա արևմտյան դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Ղարաբաղում Ռուսաստանի գլխավորած խաղաղապահ առաքելությանը:

Գիտակցելով Ռուսաստանի ղեկավարի բոլոր խնդրահարույց արարքները՝ Քուշները պնդում է, որ Արևմուտքը «պարտք ունի հայերի առջև» և պետք է աջակցի հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը կանխելու քայլերին, ներառյալ Պուտինի ձեռնարկած քայլերին:

Ֆրանսիացի քաղաքական գործիչը պնդել է, որ հայերի ռազմական ձախողումները Թուրքիայի աջակցությունը ստացած ադրբեջանական ուժերի դեմ մասամբ պայմանավորված են Հայաստանի կառավարության կողմից Արցախը պաշտպանելու պարտավորության բացակայությամբ: Ըստ նրա՝ Ղարաբաղում մարդիկ իրենց լքված են զգում ինչպես հայերի, այնպես էլ Արևմուտքի կողմից, որոնց կառավարությունները ոչինչ չեն ձեռնարկել նրանց օգնելու համար:

81-ամյա Քուշները Արցախ էր մեկնել փետրվարին՝ ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանի գլխավորած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմակերպած այցի շրջանակում: Քուշները, որը հիմնադրել է «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) մարդասիրական կազմակերպությունը, Ղարաբաղ այցելել էր նաև 1990-ականների սկզբին տեղի ունեցած առաջին պատերազմի ժամանակ: Նա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էր 2007-2010 թթ:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English

Մեկնաբանել