Ֆրանսիայի և Կանադայի ԱԳՆ-ները Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել հայ գերիներին

Ֆրանսիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունները Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել հայ գերիներին։ Հայտարարությունները տեղադրված են երկրների արտաքին գերատեսչությունների Թվիթերի պաշտոնական էջերում։

«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել դեռևս անազատության մեջ պահվող մնացած բոլոր հայ գերիներին: Նախօրեին Ադրբեջանի կողմից 3 հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ էր այս առումով»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։

«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծման առանցքային քայլ է: Կանադան շարունակում է կոչ անել ազատ արձակել բոլոր պահվող անձանց»,- նշված է Կանադայի արտգործնախարարության հայտարարությունում։

Մայիսի 4-ին Բաքվից Երևան էր տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 72 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, որոնց թվում են եղել Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։ Մարտի կեսին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ներկայում Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։