ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում շտապ ավարտին հասցնել գերիների և բոլոր աճյունների փոխանակումը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Թվիթերի իր էջում գրառում է կատարել, որով ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը և կոչ է անում «շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների փոխանակումը»։

«Ողջունելի է Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը։ Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտին հասցնել պահվող անձանց և բոլոր աճյունների փոխանակումը, ինչպես պարտավորեցնում է միջազգային մարդասիրական իրավունքը: Լիովին աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահներին և հորդորում ենք կողմերին հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական գործընթացը նրանց միջոցով»,- գրել է Լինդեն

Ավելի վաղ Ֆրանսիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարություններն էին Ադրբեջանին կոչ արել ազատ արձակել հայ գերիներին։

Մայիսի 4-ին Բաքվից Երևան էր տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 72 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, որոնց թվում են եղել Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։ Մարտի կեսին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ներկայում Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։