Մեր խաղաղապահները կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն շփման հստակ գծի որոշման հարցերը․ Լավրով

Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Մայիսի 6-ին Երևանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Անկասկած, մենք կշարունակենք Լեռնային Ղարաբաղում մեր խաղաղապահ առաքելության ջանքերը: Եռակողմ պայմանավորվածությունն ապահովում է մեր խաղաղապահների լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի գործելու առումով: Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Եվ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը «հավատարիմ է դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը»:

Ռուսաստանը, Լավրովի խոսքով՝ ամենաակտիվ կերպով աջակցում է նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, որոնք զբաղվում են տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ մենք շարունակում ենք հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահվող անձանց վերադարձի գործընթացն ավարտելու դիրքերից: Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշական, հոգեբանական նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել այդ խնդիրը: Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի վերջնական կարգավորման հետագա բոլոր հարցերում առաջ շարժվելու համար: Ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը բոլոր ձևերով, ձևաչափերով՝ և՛ նախորդ տարվա նոյեմբերի և այս տարվա հունվարի եռակողմ հայտարարությունների իրականացման գծով, և՛ ամեն կերպ կխթանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս դրական մթնոլորտի ձևավորմանը միտված գործունեությունը՝ մնացած բոլոր հարցերի հետագա լուծման նպատակով»,- ասել է Սերգեյ Լավրովը։