Չի՛ կարելի հավասարեցնել խոշտանգողին ու խոշտանգվողին․ Էրիկ Հակոբյանի ուղերձը

Այս շաբաթվա իր հեղինակային հաղորդմանը ՍիվիլՆեթի հաղորդավար, քաղաքական վերլուծաբան Էրիկ Հակոբյանը խոսում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումն այս տարի սառեցնելու Բայդենի որոշման, 19 սպանված հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ցուցակի հրապարակման մասին և ուղերձ հղում Ալիևի վարչակարգին ու միջազգային հանրությանը։

—-

Այսօր կխոսենք արտաքին քաղաքականության հետ առնչվող երկու հարցերի շուրջ, առաջինը՝ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումն այս տարի սառեցնելու Բայդենի որոշումն է, որը բավական հիասթափեցնող էր։ Երկրորդ թեման կլինի պատերազմի ընթացքում և դրանից հետո 19 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանությունը։

Սկսենք 907 լրացումից, որին շատերը ծանոթ չեն։ 1992-ին ԱՄՆ-ում ընդունվեց մի օրենք, որն, ըստ էության, արգելում էր ԱՄՆ կառավարությանը՝ Ադրբեջանին ցուցաբերել օգնություն, այդ թվում՝ ֆինանսական կամ ունենալ լուրջ քաղաքական հարաբերություններ այդ վարչակարգի հետ, մինչև այն չդադարեցներ Արցախի նկատմամբ իր ագրեսիան։

Այս օրենքը ԱՄՆ-ին հետ էր պահում Ադրբեջանին որևէ օգնություն ցուցաբերելուց, մինչև 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները վկայաբերելն օգտագործվեց որպես արգելանքը շրջանցելու ձև և սառեցնելու 907 լրացումը, ինչը թույլ տվեց ԱՄՆ ամեն նախագահի սառեցնել այդ օրենքը հաջորդ տարիների համար։

Ինչպես գիտենք, Թրամփի վարչակազմը վերջին երկու տարում Ադրբեջանին հսկայական ծավալների գումար է տրամադրել ռազմական օգնության տեսքով։ Հատկապես ԱԹՍ-ների ծրագրի մասով, ինչը ենթադրաբար, Ադրբեջանի սահմանային անվտանգության համար էր, սակայն իրականում օգտագործվեց Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում։

Քաղաքական առումով տեղի ունեցածը հիասթափեցնող է, քանի որ նախագահ Բայդենը իր քարոզարշավի ժամանակ խոստացել էր վերանայել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական օգնությունը։ Ակնհայտորեն, նա իր այդ խոստումը չի պահել։ Կարծում եմ՝ պետք է սա դիտարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ֆոնին, և ինչո՞ւ է սա կարևոր։ Գիտեմ՝ ինչպես են մտածում քաղաքական գործիչները։ Նրանք մի բան կանեն՝ փոխարենը տեղ ազատելով մեկ այլ քայլի, որը ձեր սրտով չէ։

Եվ սա մեզ բերում է նրան, ինչն անվանում եմ «խորհրդանշական» քաղաքականություն։ Ցեղասպանության ճանաչման հարցը մեծամասամբ «խորհրդանշական» քաղաքականություն էր։ Խորհդանշականությունը զուրկ չէ արժեքներից, սակայն այն ունի իր սահմանափակումները։ Դրան ականատես ենք լինում այստեղ․ մի կողմից, ԱՄՆ նախագահը ընդունում է պատմական փաստը, որը կասկածից դուրս է, ու մենք դա ընդունում ենք որպես մեծ լավություն, մյուս կողմից նա ռազմական աջակցություն է ցուցաբերում մի վարչակարգի, որն այդ աջակցությունն օգտագործում է՝ Հայաստանում և Արցախում հայերի սպանության համար։

Սա մեզ հուշում է, որ մենք պետք է աշխարհի հանդեպ ավելի բազմակողմ դիտանկյուն ունենանք և մեր բոլոր շահերն ու օրակարգը չկենտրոնացնենք խորհրդանշական ջանքերի վրա, այլ կապենք բաների հետ, որոնք անմիջականորեն ազդում են այստեղ մարդկանց առօրյա կյանքի վրա։

Ինչ վերաբերում է դեռևս Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց՝ այս շաբաթ նորությունների երկու բաժին ունենք՝ մեկը փոքրիկ, սակայն քաջալերող, մյուսը՝ շատ անհանգստացնող։ Քաջալերողը այն է, որ հսկայական միջազգային ճնշումներից հետո ադրբեջանական վարչակագը վերադարձրեց երեք հայ ռազմագերիների, ինչն անընդունելի է, քանի որ մեզ պետք է, որ անմիջապես վերադարձվեն բոլոր ռազմագերիները։

Անհանգստացնողը՝ ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավաբան Արտակ Զեյնալյանը ադրբեջանական գերության մեջ գտնված 19 անձանց ցուցակ հրապարակեց, որոնք խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական վարչակարգի կողմից։ Նրանցից 12-ը քաղաքացիական անձինք են, իսկ 7-ը՝ զինծառայողներ։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ այս անձինք չդառնան զուտ վիճակագրություն։ Մենք պետք է իմանանք՝ ովքեր են նրանք, ես ունեմ նրանց անունները, որոնք և կկարդամ։

Քաղաքացիական անձինք` 1. Էդուարդ Շահգելդյան 2. Արսեն Ղարախանյան 3. Բենիկ Հակոբյան 4. Էլենա Հակոբյան 5. Սերժիկ Վարդանյան 6. Էլլա Վարդանյան 7. Գենադի Պետրոսյան 8. Յուրիկ Ասրյան 9. Միշա Մովսիսյան 10. Անահիտ Մովսիսյան 11. Նինա Դավթյան 12. Միշա Մելքումյան

Զինծառայողներ` 13. Էրիկ Մխիթարյան 14. Գագիկ Մկրտչյան 15. Արայիկ Պողոսյան 16. Վարդգես Ղազարյան 17. Յուրի Ադամյան 18. Արթուր Մանվելյան 19. Նարեկ Բաբայան

Ո՞րը պետք է լինի մեր պատասխանը սրան։ Մեր ուղերձը, իմ ուղերձը մարդկանց երկու խմբերի է։

Առաջինը՝ Բաքվի վարչակարգին և նրա առաջնորդին։ Վստահ եմ՝ լսելով այս մարդկանց անունները՝ հասկացաք, որ նրանցից շատերը կանայք էին, ինչն ավելի զարհուրելի է։ Իմ ուղերձը Բաքվի փոքրիկ Սադամին՝ ինչպիսի՜ իսկական տղամարդ ես դու, պետք է հպարտ լինես քեզնով և քո հաղթանակով։ Իսկ ինչպե՞ս ես ձեռք բերել այդ հաղթանակը։ Կանանց, ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց սպանելո՞վ, թե՞ 18-19 տարեկան նորակոչիկներին գլխատելով։ Ինչպե՞ս հաջողացրիր դա։ Քո բանակը, ինչպես բոլորը գիտեն, առաջնորդվում էր օտարերկրյա ուժերի կողմից, այս դեպքում՝ Թուրքիայի հատուկ ջոկատայինների կողմից։

20 տարում քո բանակը կառուցելու վրա 25 միլիարդ դոլար ծախսելուց հետո բանակդ ու պետությունդ նույնիսկ այս ռազմական գործողությունն իրականացնելու կարողությունը չունեին։ Այդ ամենից բացի, դու ներկրեցիր հազարավոր ջիհադականներ և Իսլամական պետության զինյալների ու ահաբեկիչների՝ քո փոխարեն կռվելու։ Պետք է որ շա՜տ հպարտ լինես քո հաղթանակով։

Այն 19 անձինք, որոնց անունները, դեմքերը, ընտանիքները չեն մոռացվի… Եվ նրանց վրեժը կլուծեն՝ շատ հետո, երբ դու պատմության աղբակույտում կմիանաս սադամներին, չաուշեսկուներին, էրդողաններին, պինոչետներին։ Համոզված եղիր։

Անցնենք միջազգային հանրությանն իմ ուղերձին․ քիչ առաջ հրապարակած տեղեկության հիման վրա կասեմ ձեզ՝ բավ է օգտագործեք Արցախը, Հայաստանի հանրապետությունն ու Ադրբեջանը նույն նախադասության մեջ, նույն քաղաքական կամ դիվանագիտական համատեքստում՝ որևէ կերպ նրանց միջև հավասարության նշան դնելով։ Պատերազմի ժամանակ Հայաստանի ու Արցախի բանակները տասնյակներով ադրբեջանցի ռազմագերի զինվորներ ունեին, և շատ դեպքերում վիրավոր ադրբեջանցի ռազմագերիներին բուժում էին մեր զինվորների հետ միասին։ Չկա այդ ռազմագերիներից որևէ մեկի հանդեպ վատ վերաբերմունքի օրինակ, և նրանք բոլորը վերադարձվել են իրենց ընտանիքներին, որտեղ և պետք է լինեին՝ ի տարբերություն մեր ռազմագերիների, որոնք դեռ գերության մեջ են։

Ո՞րն է այստեղ դասը։ Գոյություն ունի չափանիշ, ըստ որի ժողովրդավար բանակներն ու քաղաքակիրթ երկրները լուծում են ռազմագերիների հարցը, որոնք ամեն առումով ամենախոցելի մարդիկ են աշխարհում։ Եվ հսկայական տարբերություն կա՝ ինչպես մենք վարվեցինք նրանց հետ, և ինչպես է Բաքվի նեոֆաշիստական վարչակարգը վարվում հայ ռազմագերիների հետ։ Ուստի նույն արշինով մի՛ չափեք այս երկու սուբյեկտներին։

Մյուս հարցը՝ երբ կտրում-անցնում եք այս տարբեր երկրների միջև միջազգային սահմանները, հասկացեք, որ գործ ունեք ոչ թե զուտ պետական սահմանների հետ, այլ Ադրբեջանի դեպքում գործ ունեք մի պետության հետ, որը ձևավորված է ռասսայական ատելության շուրջ, իսկ Հայաստանի ու Արցախի պետությունների դեպքում դա այդպես չէ։

Ինչո՞ւ է սա կարևոր։ Կարևոր է, որովհետև բարոյական կեղծ հավասարության նշան դնելը աշխարհում ունեցած ամենամեծ բարոյական ու քաղաքական խնդիրներից է, որովհետև բարոյական կեղծ հավասարության նշան դնելը սպանում է այն անպատժելիության պատճառով, որ այդ կերպ ստանում են խոշտանգողներն ու կեղեքիչները։ Ուստի հասկացեք այդ տարբերությունները, համապատասխան դատողություններ արեք և երեք կողմերին վերաբերվեք ըստ նրանց վարքագծի։

Շնորհակալություն այս շաբաթ մեզ միանալու համար։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել