Պետք է հասնել Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը․ Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը

Մայիսի 9-ի տոնի կապակցությամբ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ նշելով, որ պետք է հասնել Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը։

«2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ագրեսիայից հետո, դժվար է նույնկերպ նշել տարիներ շարունակ ընդունված եռատոնը։ Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերին և Արցախյան առաջին պատերազմի և Շուշիի ազատագրմանը մասնակցած մեր հայրերին ու եղբայրներին։

Հայկական Շուշին տարիներ շարունակ եղել է և շարունակում է լինել հայոց ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը և այսօր էլ, չնայած այն փաստին, որ Շուշին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, այն պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը։

Հայաստանի Հանրապետությունը պիտի շարունակի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հասնելու Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը»։

Յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում էր Եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, 1992-ի Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կազմավորման օրը։