Քոբայրի վանքը՝ թռչնի թռիչքից

Հայաստանի Լոռու մարզում է գտնվում Քոբայր վանական համալիրը։ Վանք-ամրոցի կառուցման ժամանակաշրջանի վերաբերյալ կա տարակարծություն․ որոշ աղբյուրներ նշում են, որ այն կառուցվել է 12-13-րդ դարում: Համալիրը ներկայում կիսավեր վիճակում է։ Գտնվում է Դեբեդի ժայռեղեն կիրճի բարձրադիր դարավանդի վրա: Մասամբ պահպանվել են համալիրի երեք եկեղեցիները, զանգակատուն-տապանատունը, սեղանատունը, մատուռների, խաչքարերի և բերդապարսպի մնացորդները: 

Քոբայրում են ամփոփված Զաքարյանների տոհմի հոգևոր ու աշխարհիկ նշանավոր որոշ գործիչների շիրիմները: Վանական համալիրը նաև կոչվում է Քոբեր: Քոբեր-Քոբայր տեղանվան ստուգաբանությունը դեռևս ստուգաբանման կարիք ունի։ Ժողովրդի շրջանում այն մեկնվում է որպես «Այրիվանք», «այր, քարանձավ»: 

Ըստ ավանդազրույցի՝ վանական համալիրը կռվախնձոր է եղել հայերի ու վրացիների միջև, մարդկանց շրջանում արտահայտվել է հետևյալ միտքը՝ «Սա, քո՞ բերդն է, թե՝ ո՞ւմ»: