Ես առաջարկում եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահին միասնական պայքարել այս իշխանության դեմ․ Ռոբերտ Քոչարյան

«Առաջին և երրորդ նախագահների հետ միասնական դաշինք ձևավորել-չձևավորելը ուղղակի պայքարելու տեխնիկաներից մեկն է։ Ես որոշել եմ ընտրություններին մասնակցել այս ձևաչափով, միայն կողջունեմ, եթե նաև իրենք ամբողջությամբ, ամբողջ կարողություններով, թափով մտնեն պայքարի մեջ»․ այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հայաստան» դաշինքի հիմնադրման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հետ չհամագործակցելու հարցին։

«Ի՞նչ եք հասկանում միասնական պայքարելու ասելով, դա անպայման դաշինք ձևավորե՞լն է։ Ես առաջարկում եմ և՛ առաջին, և՛ երրորդ նախագահին միասնական պայքարել այս իշխանության դեմ, պայքարել ամեն օր։ Եվ եթե մտադրված են պայքարել, ուրեմն դա բոլորի հաջողությունը կլինի»,- նշեց նա։

Քոչարյանի խոսքով՝ պայքարն ունի երկու բաղադրիչ՝ պայքար «այս կործանարար իշխանության դեմ» և պայքար նաև իշխանության համար․ «Կարելի է պայքարել առաջին բաղադրիչով, չպայքարել՝ երկրորդով։ Բայց նա, ով այսօր չի պայքարում առաջին բաղադրիչով, ուղղակի դասալքություն է ցուցադրում, սա եմ համարում երկրի շահին ծառայելը»,- ասաց երկրորդ նախագահը։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ հանդիպմանը առաջարկել է երեք նախագահների մասնակցությամբ դաշինք ձևավորել, սակայն Ռոբերտ Քոչարյանը մերժել է։

Մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը և նրա դաշինքի մաս կազմող կուսակցությունները՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը հանրահավաք են իրականացնում Ազատության հրապարակում։ Մինչ հանրահավաքը ՀՅԴ-ն, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը և Ռոբերտ Քոչարյանը հիմնադրեցին «Հայաստան» դաշինքը՝ առաջիկա ընտրությունների մասնակցելու համար։

Մեկնաբանել