Այսօր երկրորդ անգամ կքննարկվի վարչապետի ընտրության հարցը

Երկրորդ անգամ վարչապետի ընտրության հարցը խորհրդարանում կքննարկվի այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում։

Մայիսի 3-ին Ազգային ժողովի հատուկ նիստում կողմ 1, դեմ 3, ձեռնպահ 75 ձայներով Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր ընտրվել՝ Ազգային ժողովն արձակելու և արտահերթ ընտրությունները հնարավոր դարձնելու համար։

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական էր տվել Հայաստանի վարչապետի պաշտոնից։

Գործող Սահմանադրությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում․ «Ընթակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, ԱԺ մյուս խմբակցությունները վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի։ Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի և Ազգային ժողովը կհամարվի արձակված և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- իր ուղերձում ասել էր Փաշինյանը։