Առաջինն ենք հայտարարել՝ իշխանության հետ կոալիցիա չենք կազմելու․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» վստահեցնում է՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում մեծամասնություն իրենք են կազմելու․ մայիսի 10-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Գործող իշխանության կամ նախկին իշխանությունը ներկայացնող ուժերի հաղթանակի դեպքում Հայաստանը դառնալու է ատելության արտադրամաս»,- կարծում է նա՝ հիշեցնելով, որ հեղափոխությունից հետո Փաշինյանի նշանակած երկու առանցքային ուժային պաշտոնյաներ այսօր նախկին իշխանությունների ճամբարում են (խոսքը նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին է – խմբ․):

«Մենք գալիս ենք գիծ քաշելու, եթե երկու բևեռներից մեկը հաջողություն ունենա, ատելությունը շարունակվելու է։ Նիկոլ Փաշինյանը եթե ընտրվի, հինգ տարի ապացուցելու է, որ ինքը մեղավոր չէր, եթե նախկինները գան, փորձելու են ապացուցել, որ միայն Նիկոլ Փաշինյանն է մեղավոր»,- հայտարարում է Մարուքյանը՝ հավելելով, որ իշխանությունն ու ընդդիմության մնացյալ հատվածը չեն միացել «Լուսավոր Հայաստանի»՝ քարոզարշավի ժամանակ ատելության խոսքը բացառելուն ուղղված հայտարարությանը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով կոալիցիա կազմելու հնարավորությանը, Մարուքյանը հիշեցրեց, որ իրենք առաջինն են հայտարարել՝ իշխանության հետ կոալիցիա չեն կազմելու։

Մեկնաբանել