Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 10 727 մարդ

Մայիսի 9-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 10 727 մարդ։ Տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեցին առողջապահության նախարարությունից։

Գերատեսչությունից տեղեկացրեցին նաև, որ 10 727-ը և Հայաստանի գնած AstraZeneca-ով ու «Սպուտնիկ V»-ով, և Ռուսաստանի կողմից մինչ գնումները նվիրաբերված 2 000 «Սպուտնիկ V»-ով պատվաստվածներն են։

Մինչ օրս Հայաստան է ներմուծվել 24 000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Հետագայում երկու խմբաքանակով ներկրվել է «Սպուտնիկ V», առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ՝ 7 500 մարդու համար, երկրորդ խմբաքանակը՝ 14 000 մարդու համար։ Մայիսի 1-ին Չինաստանը Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրել է COVID-19-ի դեմ CoronaVac պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

Հայաստանում պատվաստվել հնարավոր է և պոլիկլինիկաներում, և Երևանի տարբեր հատվածներում գտնվող պատվաստումային կետերում։ Եթե նախկինում պոլիկլինիկաներն աշխատում էին 5 աշխատանքային օր, ապա հիմա աշխատում են նաև շաբաթ, կիրակի օրերին, առավոտյան ժամը 10:00-ից մինչև 16:00-ն:

Առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորվել է շարժական պատվաստումային խումբ, որը մայիսի 5-ից տեղեկայվել է Հյուսիսային պողոտայում։ Պատվաստվել ցանկացող յուրաքանչյուր քաղաքացի կարող է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ շարժական պատվաստումային խմբին, անցնել պրոֆիլակտիկ ստուգումներ, պատասխանել մի քանի հարցի, ապա պատվաստվել։ Նմանատիպ պատվաստումային կետեր կան նաև «Դալմա» և «Մեգամոլ» առևտրային կենտրոնների տարածքներում։