Լավրովը Բաքվում հանդիպելու է Ալիևին

Լուսանկարը՝ արխիվային

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին այցելում է Բաքու: Սերգեյ Լավրովը երկօրյա այցի ընթացքում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովին:

Ինչպես հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «հանդիպումների օրակարգում են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև միջազգային հարթակում առավել լայն համագործակցության հնարավորությունները»:

Ուշադրության առանցքում լինելու է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների գործնական քայլերի իրագործմանն ուղղված հարցերը։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվից առաջ՝ մայիսի 5-6-ին, ժամանել էր Երևան, հանդիպել Հայաստանի իր պաշտոնակից Արա Այվազյանին, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Լավրովի այցի առաջին օրը՝ մայիսի 10-ին, Ադրբեջանի նախագահ Ալիևը 2018-ից ի վեր առաջին անգամ այցելել է Նախիջևան։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Նախիջևանում Ալիևը բացել է ռազմական օդանավակայան, ինչպես նաև մասնակցել է Նախիջևանի միջազգային օդանավակայանի նոր թռիչքուղու և Ջուլֆա-Օրդուբադ ավտոճանապարհի բացման արարողություններին։

Մեկնաբանել