Զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ծառայակցին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին, հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեն։

«Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)»,- ասվում է հաղորդագրությունում։

Կոմիտեից հայտնում են, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ծառայակցի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մայիսի 4-ին հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հերթափոխի ընթացքում, ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը։

Մեկնաբանել