Փաշինյանը երկրորդ անգամ վարչապետ չընտրվեց, Ազգային ժողովը կարձակվի

Այսօր` մայիսի 10-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում կողմ 1, դեմ 1, ձեռնպահ 76 ձայներով Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետի պաշտոնում։ Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական էր տվել Հայաստանի վարչապետի պաշտոնից։

Գործող Սահմանադրությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում․ «Ընթակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, ԱԺ մյուս խմբակցությունները վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի։ Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի և Ազգային ժողովը կհամարվի արձակված և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- իր ուղերձում ասել էր Փաշինյանը։