Նախագահը ստորագրել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիրը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիրը։ Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին»,- ասվում է հրամանագրում։

Մայիսի 10-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում կողմ 1, դեմ 1, ձեռնպահ 76 ձայներով Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետի պաշտոնում։

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական էր տվել Հայաստանի վարչապետի պաշտոնից։

Գործող Սահմանադրությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս և խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում։