Լավրովի հետ հանդիպումներում Ալիևն ու Բայրամովը գանգատվել են հայկական «ռևանշիզմից ու ադրբեջանատյացությունից»

Բաքվում մայիսի 10-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման առանցքային թեման եղել են ղարաբաղյան հակամարտության գոտում նոր լարվածության վտանգների չեզոքացմանն ուղղված ջանքերը:

Ալիևը, ինչպես և սպասվում էր, շեշտադրել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերագործարկումը: Կարևորելով տարածաշրջանի ապաշրջափակման հարցը՝ Լավրովը խոսել է պատերազմի հումանիտար հետևանքների մասին՝ ռազմագերիների վերադարձ, պատմամշակութային ժառանգության պահպանում և այլ հարցեր։ Հենց այդ հարցերն էր բարձրացրել Հայաստանի ղեկավարությունը Լավրովի երևանյան այցի ժամանակ։

Բաքվում հանդիպումը սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով, որն արձանագրել է «դրական տեղաշարժ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման, կայունության, ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերի նվազեցման» հարցերում: Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է «մեր պատմության սև էջը շրջելու համար»։

«Համենայնդեպս, Ադրբեջանը դրան պատրաստ է։ Բարձր մակարդակի բազմաթիվ հայտարարությունները վկայում են մեր դիրքորոշման մասին հաղորդակցական նախագծերի զարգացման առումով, որոնց մասին ասվել է նոյեմբերի հայտարարության մեջ, և այդ ուղղությամբ աշխատանքը շատ ակտիվ ընթանում է», – ասել է Ալիևն ու նշել, որ երկու շաբաթ առաջ Մոսկվայում կայացել է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, ինչպես նաև երեք երկրների փոխվարչապետների եռակողմ հանդիպումը, որտեղ «կարևոր քայլեր են արվել համատեղ հռչակագրի կարևոր կետի՝ տրանսպորտային միջանցքների բացման ուղղությամբ»։

«Մենք մեր կողմից ակտիվ աշխատանք ենք տանում երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման գործում։ Նախանշեցինք կոնկրետ ժամկետներ և կփորձենք այդ ժամկետները պահել, որպեսզի առաջիկայում այդ նախագիծը աշխատի», – ասել է Ալիևը։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը «բարի կամք է դրսևորում հումանիտար խնդիրների հետ կապված հարցերում»։ Նա հերթական անգամ նշել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո հայկական կողմին են վերադարձվել «բոլոր ռազմագերիները, որոնք իրենց մոտ էին գտնվում պատերազմի արդյունքում»:

Նա նաև նշել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո այս վեց ամիսների ընթացքում խաղաղապահների և հայկական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ հայտնաբերել ու հայկական կողմին են հանձնել զոհված շուրջ 1 600 հայ զինծառայողների մարմիններ:

«Համեմատության համար ասեմ, որ առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո օկուպացիայի բոլոր տարիների ընթացքում հայկական կողմից մեզ չի փոխանցվել անհետ կորած ադրբեջանցի զինծառայողի ոչ մի մարմին, իսկ մենք ունեցել ենք 4 հազար դի», – ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանն ապահովում է Հայաստանի բնակավայրերի միջև «անխափան հաղորդակցությունն իր տարածքներով» (հայկական կողմը դրանք անվանում է վիճարկելի տարածքներ) անցնող ավտոճանապարհով: «Սա նաև ադրբեջանական կողմի բարի կամքի դրսևորում է», – դիմելով Լավրովին՝ ասել է Ալիևը։

Լավրովն իր հեթին նշել է, որ Ռուսաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների կատարմանը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի երեք առաջնորդների հայտարարության և ս.թ. հունվարի 11-ին Մոսկվայում հանդիպման արդյունքների:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է այն խնդիրները, որոնք դուք համաձայնեցրել եք այդ շփումների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարության հետ: Շնորհակալ ենք մեր խաղաղապահների դերակատարությունը բարձր գնահատելու համար։ Հիմա պետք է զբաղվել «գետնի վրա» առկա խնդիրներով՝ սահմանազատմանը վերաբերող հարցերով։ Ամեն ինչ պարզ չէ, բայց լուծելի է։ Ռազմական փորձագետները դիվանագետների մասնակցությամբ կարող են պայմանավորվել փոխընդունելի հանգուցալուծումների շուրջ»,- ասել է Լավրովը։

«Դա կապված է շատ տարբեր երթուղիների առարկայական համադրության հետ: Եթե հաշվի առնենք հարավկովկասյան բոլոր պետությունների և նրանց հարևանների շահերի հավասարակշռությանը հասնելու անհրաժեշտությունը, դա պոտենցիալ լուրջ տրանսպորտային հանգույց է, որի նշանակությունը անդին է տարածաշրջանային շրջանակներից: Կասկած չկա, որ մենք կարող ենք էապես ամրապնդել մեր ընդհանուր դիրքերը ժամանակակից գլոբալ տնտեսության և լոգիստիկ շղթայի մեջ», – ասել է նա։

Լավրովն անդրադարձել է նաև Արցախի տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքի անհրաժեշտությանը, որն Ադրբեջանը թույլ չի տալիս:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՝ որպես միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար պատասխանատու կազմակերպություն, շահագրգռված է այդ ջանքերով: Պատրաստ ենք աջակցել այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք դա հնարավոր կդարձնեն։ Կան նաև այլ միջազգային կազմակերպություններ, որոնք պատրաստ են օգնել։ Այդ առնչությամբ պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն շահագրգիռ մյուս կողմերի դիրքորոշումը», – նշել է նա։

Ալիևը նաև գանգատվել է Հայաստանում «ադրբեջանատյացության բարձր մակարդակից»:

Բաքվում Ալիևի հետ հանդիպման հաջորդ օրը՝ մայիսի 11-ին, կայացել է Լավրովի հանդիպումը ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Բանակցությունների ավարտին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսին Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, որ «Հայաստանը հանդես է գալիս ոչ կառուցողական մոտեցումներով, որոնք դանդաղեցնում են գործընթացները»։ Բայրամովը դրանց թվում նշել է հայկական զինված ուժերի «ներթափանցումը Ադբեջանի տարածք», որի վառ վկայությունն է հայ զինծառայողների գերեվարումը։ Ըստ Բայրամովի՝ նրանց հանդեպ «բավական մարդասիրական մոտեցում է ցուցաբերվում»։

Նա «վտանգավոր» է համարել հայ հասարակությունում «ռևանշիստական բնույթի կոչերը, որոնցում կակածի տակ են դրվում ձեռք բերված համաձայնությունները»։

Բայրամովը նշել է, որ հայկական կողմը շարունակում է «հանցագործությունները Ադրբեջանի տարածքում» ՝ նկատի ունենալով ականապատ տարածքների քարտեզների չտրամադրելը ադրբեջանական կողմին։

Մեկնաբանել