Լավրովը Բաքվում հայտարարել է ռազմագերիների, մարդասիրական այլ խնդիրներում «դրական տեղաշարժի» մասին

Ռուսաստանի կարծիքով՝ Ղարաբաղյան վերջին պատերազմի մարդասիրական խնդիրները պետք է լուծվեն հնարավորինս օպերատիվ և առանց որևէ նախապայմանների․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 11-ին Բաքվում ադրբեջանցի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Հայաստանը Ադրբեջանին չի տրամադրում ականապատ դաշտերի քարտեզները։

Լավրովի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում մարդասիրական բնույթ ունեցող հարցերը պետք է լուծվեն հնարավորինս օպերատիվ և առանց որևէ նախապայմանների։

«Մասնավորապես, զոհվածների մարմինների վերադարձը, անհայտ կորածների ճակատագրերը պարզելը, ռազմագերիների վերադարձը և պատերազմի նյութական մնացորդների հետ կապված խնդիրների կարգավորումը, տվյալ դեպքում՝ ականները»,- հայտարարել է Լավրովը՝ հավելելով, որ այդ հարցը քննարկել է Երևանում, և դրական տեղաշարժեր է տեսնում:

«Մենք այդ հարցը քննարկել ենք Երևանում։ Ինձ թվաց, որ Հայաստանի ղեկավարությունը պատկերացում ունի, որ այդ հարցը պետք է լուծել։ Եվ առաջին քայլերն արվել են։ Ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը։ Հուսով ենք, որ այդ հարցն ամբողջությամբ կլուծվի»,- նշել է Լավրովը։

Տե՛ս նաև՝

Լավրովի հետ հանդիպումներում Ալիևն ու Բայրամովը գանգատվել են հայկական «ռևանշիզմից ու ադրբեջանատյացությունից»

Ադրբեջանում սպասում են Լավրովի առաջարկներին

Մեկնաբանել