Հայաստանի բանկային համակարգը՝ COVID-19-ի համավարակի և պատերազմի պայմաններում

2020-ի տարեսկզբին բռնկված COVID-19-ի համավարակը և սեպտեմբերին սկսված լայնածավալ պատերազմը էական վնասներ են հասցրել Հայաստանի տնտեսությանը։ Թեև Վիճակագրական կոմիտեի վերանայած տվյալների համաձայն՝ 2020-ին համախառն ներքին արդյունքի իրական ծավալը կրճատվել է 7, 4%-ով, «Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում» արձանագրվել է ավելացված արժեքի 5,4% հավելաճ, ինչն ավելի քան 0,3 տոկոսային կետով զսպել է ՀՆԱ-ի անկումը։ Այս հոդվածում մենք առանձնացրել ենք COVID-19-ով/պատերազմով պայմանավորված հինգ դրսևորում (փոփոխություններ), որոնք էականորեն ազդել/ազդելու են բանկային համակարգի վրա։

Վերջին չորս տարվա կտրվածքով չաշխատող ակտիվների (վարկերի) մակարդակը հասել է մաքսիմումի

Համաձայն Կենտրոնական բանկի տվյալների՝ 2021-ի փետրվարի վերջի դրությամբ չաշխատող ակտիվների («հսկվող», «ոչ ստանդարտ», «կասկածելի» դասերում ընդգրկված ակտիվների) կամ այսպես ասած՝ «դասակարգված վարկերի» մասնաբաժինը առևտրային բանկերի ընդհանուր ակտիվների կառուցվածքում հասել է 7,01%-ի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2017-ի տարեսկզբից ի վեր, երբ սահմանվեց նորմատիվային կապիտալի նոր շեմ (30 մլրդ դրամ)։

Բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռն աճել է համարյա բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված է և՛ համավարակի, և՛ պատերազմի ազդեցությամբ, սակայն ամենակտրուկ աճն արձանագրվել է էներգետիկայի ոլորտում՝ ավելի քան 4 անգամ (2021-ի փետրվարը 2020-ի օգոստոսի համեմատ), ինչը հիմնականում պայմանավորված է պատերազմի ազդեցությամբ, երբ Արցախի տարածքում գտնվող բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ ավերվեցին կամ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բայց այսքանով պատերազմի ազդեցությունը չի սահմանափակվում, Հայաստանում գործող բանկերը ակտիվորեն մասնակցում էին նաև Արցախի տնտեսության այլ ոլորտների և ֆիզիկական անձանց վարկավորման ծրագրերին, ավելին՝ 17 բանկից 7-ը ունեին նաև մասնաճյուղեր Արցախում, հետևաբար Արցախի բնակչության ու կազմակերպությունների վարկային պարտավորությունների մարումների, ինչպես նաև պատերազմում հաշմանդամ դարձած կամ զոհված անձանց վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներման հարցը դեռևս զգալի ազդեցություն է ունենալու բանկերի ֆինանսական ցուցանիշների վրա։

Բանկերը սկսել են ավելի քիչ սպառողական վարկեր տրամադրել

Վերջին տարիներին, հատկապես 2018-ի ապրիլյան իրադարձություններից հետո, բնակչության դրական սպասումները հանգեցրել էին վերջնական սպառման էական աճի, այդ թվում՝ սպառողական վարկերի էական աճի: 2017-ի դեկտեմբերի 31-ի համեմատ 2018-ի տարեվերջին բանկերի տրամադրած սպառողական վարկերի ծավալը աճել էր 37%-ով։ Այս բարձր աճի տեմպը պահպանվել էր նաև 2019-ին (31%), սակայն մասնագիտական շրջանակները և Կենտրոնական բանկը բազմիցս շեշտել են, որ աճի այդպիսի միտումները մտահոգիչ են և նախատեսում էին քայլեր ձեռնարկել սպառողական վարկերի աճի տեմպերը զսպելու համար։

Ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ՝ 2020-ի տարեսկզբին COVID-19-ի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը հանգեցրեց բնակչության տնօրինվող եկամտի կտրուկ անկման, և բանկերը սկսեցին ավելի զգուշավոր լինել սպառողական վարկավորման հարցերում, արդյունքում 2020-ին սպառողական վարկերի աճի տեմպը կտրուկ դանդաղել է (1,4%) և սպառողական վարկերի պորտֆելի ընդհանուր մեծությունը տարեվերջի դրությամբ կազմել է 929 մլրդ դրամ:

Հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում վարկի տոկոսի մասնակի կամ ամբողջական սուբսիդավորումը նպաստել է վարկային պորտֆելի աճին

ՀՀ առևտրային բանկերի վարկային պորտֆելը 2020-ին տարեվերջի դրությամբ կազմել է շուրջ 4 տրիլիոն դրամ, ընդ որում աճի տեմպը պահպանվել է բարձր մակարդակում։ Ավելին, առևտրային բանկերի վարկային պորտֆելի դինամիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մշակող արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում վարկային պորտֆելները ոչ միայն աճել են, այլև աճել են ավելի մեծ տեմպով, քան 2019-ին, ինչը թերևս մասամբ պայմանավորված է կառավարության հակաճգնաժամային միջոցառումներով, մասամբ տնտեսվարողների ֆինանսական դրության վատթարացմամբ։ Համաձայն կառավարության տվյալների՝ 2020-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկերն այդ միջոցառումների շրջանակում տրամադրել են 119 մլրդ ՀՀ դրամի վարկեր, իսկ միայն գյուղատնտեսության ոլորտում՝ 43,1 մլրդ դրամի։

Ինչպես երևում է վերոնշյալ գծապատկերից, առաջանցիկ տեմպերով աճ է արձանագրվել նաև հիփոթեքային վարկավորման ոլորտում։ Այս պարագայում վարկային պորտֆելի աճը պայմանավորված է այն մտավախությամբ, որ հնարավոր է՝ կառավարությունը չեղարկի առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերման վարկի տոկոսագումարի հետվերադարձի ծրագիրը, ինչը հանգեցրել է պահանջարկի էական աճի։

Ապագայի նկատմամբ անորոշությունը «ստիպում» է մարդկանց խնայելՏնտեսագետների շրջանում հայտնի փաստ է, որ ապագայի նկատմամբ անորոշությունը «ստիպում» է տնային տնտեսություններին խնայել։ Կորոնաճգնաժամը ևս մեկ անգամ եկավ հաստատելու այդ հայտնի փաստը։ Այս առումով Հայաստանը բացառություն չէ․ այսպես, 2020-ի օգոստոսին ռեզիդենտ տնային տնտեսությունների ցպահանջ և ժամկետային ավանդների մեծությունը հասել է իր պատմական առավելագույնին՝ գերազանցելով 1,7 տրիլիոն դրամի շեմը, միայն դրամային ավանդները հուլիսի համեմատ աճել են շուրջ 12 մլրդ դրամով։ Հայաստանում նման իրավիճակ արձանագրվել է նաև 2009-ին։

Մարդիկ սկսել են ավելի շատ անկանխիկ վճարումներ կատարել

Ամբողջ աշխարհում COVID-19-ի համավարակը զգալիորեն խթանել է առցանց վճարումների ոլորտի աճի տեմպերը։ Այս առումով Հայաստանը բացառություն չէ․ համաձայն Կենտրոնական բանկի տվյալների՝ 2020-ին 2019-ի համեմատ էլեկտրոնային վճարային հանձնարարականներով և քարտերով անկանխիկ գործառնությունների քանակը աճել է 53%-ով, իսկ դրամային ծավալը՝ 2%-ով։

Հատկանշական է, որ «քարտերով առցանց գործարքների» սեգմենտում գործառնությունների քանակն աճել է 86%-ով, POS տերմինալներով գործարքների սեգմենտում՝ 54,2%-ով, «ATM-ներով անկանխիկ գործարքների» սեգմենտում՝ 35,6%-ով, իսկ դրամային ծավալը, համապատասխանաբար, 66,3%-ով, 3%-ով և 80,7%-ով։ Ընդհանուր առմամբ, 2020-ին Հայաստանում քարտերով անկանխիկ գործառնությունների միջին մեծությունը եղել է 15 632 դրամ՝ 19%-ով քիչ, քան նախորդ տարի։ Այլ կերպ ասած, մարդիկ սկսել են ավելի հաճախ, բայց ավելի փոքր ծավալներով անկանխիկ գործառնություններ անել քարտերով: Վստահաբար կարելի է ասել, որ COVID-19-ը 3-4 տարով արագացրել է անկանխիկ գործառնությունների ոլորտի զարգացումը Հայաստանում։

Հոդվածը պատրաստել է ACSES (Armenian Center for Socio-Economic Studies) վերլուծական կենտրոնը:

Մեկնաբանել