Քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունիսի 7-ին և կտևի մինչև հունիսի 18-ը, ժամը 24:00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի նիստում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

ԿԸՀ նիստում ընդունվեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին որոշումը։

Ըստ այդմ, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև 18:00-ն, տվյալ դեպքում՝ մինչև մայիսի 26-ը, ժամը 18:00-ն։

«Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է մայիսի 26-ից մինչև մայիսի 30-ը»,- հայտնեց Մուկուչյանը։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիրը։

Մայիսի 10-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում կողմ 1, դեմ 1, ձեռնպահ 76 ձայներով Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետի պաշտոնում։

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական էր տվել Հայաստանի վարչապետի պաշտոնից։