Ադրբեջանը պարտավոր է գերիների վերաբերյալ պահանջվող բոլոր տեղեկությունները տրամադրել․ Freedom House

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ։

«Մենք խորապես մտահոգված ենք վերջին զինված հակամարտության արդյունքում Ադրբեջանի կողմից գերեվարված և ձերբակալված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և բռնության, այդ թվում` խոշտանգումների մասին ստացված հաղորդագրություններով»,- ասել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը:

«Մենք Ադրբեջանի իշխանություններին հորդորում ենք սերտորեն աջակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ջանքերին` հետաքննելու հայ ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների վավերականությունը` անկախ նրանց կարգավիճակից, և ապահովելու, որ դեռ անազատության մեջ գտնվող անձինք ունենան բոլոր պաշտպանությունները, որոնք ամրագրված են միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերով՝ ներառյալ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիությունն, ինչպես նաև տրամադրել նրանց հայրենադարձության վերաբերյալ տվյալներ: Որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ պետություն՝ Ադրբեջանը պարտավոր է սերտորեն համագործակցել դատարանի հետ և տրամադրել պահանջվող բոլոր տեղեկությունները՝ այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությունը ապահովելու համար»,- ասել է նա։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները սկսվել էին 2020 թ. սեպտեմբերի 27-ին և ավարտվել էին հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ: Չնայած այն հանգամանքին, որ հայտարարության պայմանները երկու կողմերին էլ պարտավորեցնում էին վերադարձնել ձերբակալվածներին, ադրբեջանական իշխանությունները մեղադրվում են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահելու մեջ:

Հայ ձերբակալվածները ադրբեջանական գերության մեջ ենթարկվել են բռնությունների ու նվաստացնող վերաբերմունքի՝ համաձայն սոցիալական ցանցերում շրջանառվող հաղորդագրությունների, որոնք նախնական ստուգվել են Human Rights Watch-ի կողմից մարտին:

Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանում գտնվող հայ ձերբակալվածների ճակատագիրը պարզելու համար: Մարտի սկզբին ՄԻԵԴ-ը 188 հոգու համար ընդունել է միջանկյալ միջոցներ, որոնք ուղղված են անհատին պաշտպանելու հետագա ֆիզիկական վնասներից, քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է: ՄԻԵԴ-ը նաև դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ պահանջելով տրամադրել ձերբակալվածների վերաբերյալ բժշկական տեղեկություններ, տեղեկատվություն նրանց պահման պայմանների և նրանց նախատեսվող հայրենադարձության մասին:

Մեկնաբանել