Հայաստան է ներկրվել ևս 14 հազար դեղաչափ «Sputnik-V»

14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութն այս գիշեր հասել է Հայաստան։ Այս մասին հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարությունից։

«Նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները»,- տեղեկացնում է գերատեսչությունը։

Մինչ այս Հայաստան էր ներմուծվել 24 000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Հետագայում երկու խմբաքանակով ներկրվել էին «Սպուտնիկ V», առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ՝ 7 500 մարդու համար, երկրորդ խմբաքանակը՝ 14 000 մարդու համար՝ առաջին դեղաչափը։ Մայիսի 1-ին Չինաստանը Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրել է COVID-19-ի դեմ CoronaVac պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

Նախարարությունից հիշեցնում են, որ «Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ պոլիկլինիկաներում, շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Միաժամանակ, գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտա, «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններ, Գյումրու Վարդանանց հրապարակ, Վանաձորի Հայքի հրապարակ, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Մեկնաբանել