ՀՀ ԶՈւ բարձրաստիճան զինվորականը Վրաստանում Ադրբեջանի դեսպանատանը տեղեկություններ է հաղորդել

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Հայաստանի զինված ուժերում նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած զինվորականը կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության։

«Հիշյալ անձը տարիներ առաջ գտնվելով Վրաստանի տարածքում՝ հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով վերջինների աշխատակիցների կողմից ստացել է կոնկրետ առաջադրանքներ, հանձնելու նպատակով հավաքել և իր մոտ պահել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա պետության ներկայացուցիչներին փոխանցել ծառայության բերումով իրեն հասանելի դարձած փաստաթղթեր ու տեղեկություններ, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց տվել այլ օգնություն»,- հայտնում են ծառայությունից։

Զինվորականը ծառայության մեջ գտնվելու ընթացքում ի պաշտոնե իրավունք է ստացել առնչվելու պետական և ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկությունների և այդ տեղեկությունները պարունակող փաստաթղթերի հետ:

Նա հավաքել և իր առանձնատանը պահել է Հայաստանի և Արցախի զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, նշանակության, ստորաբաժանումների կազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակների ու տեսակների, թշնամու առաջնահերթ խոցվող օբյեկտների (նշանակետերի), ինչպես նաև հայկական կողմի մոտ առկա Ադրբեջանի զինված ուժերի զորամասերի և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և տվյալներ:

«Հավաքել է այդպիսի տվյալներ, որից հետո՝ պարբերաբար Հայաստանից մեկնել է Վրաստան և ինչպես Ադրբեջանի դեսպանատան տարածքում, այնպես էլ դրանից դուրս հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կամ նրանց ներկայացուցիչների հետ և նրանց մաս-մաս հանձնել կամ հայտնել է իր կողմից հավաքագրված ու պահված պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել