Անհետ կորած զինվորի մայրը վստահ է՝ որդին ողջ է, գերության մեջ

Անհետ կորած զինվորի մայր Մարինե Մանվելյանը ասում է՝ որդին՝ Աշոտ Մանվելյանը, գերության մեջ է, և ընկերների հետ փակված է Բաքվի բանտում։

Շարքային, 20-ամյա Աշոտ Մանվելյանը Արթիկի շրջանի Հառիճ գյուղից է։ Մինչև պատերազմը ծառայել է Ղարաբաղի Թալիշ գյուղի դիրքերում: Զինվորական ծառայության է մեկնել 2019-ի հուլիսի 3-ին: Պատերազմի առաջին օրը՝սեպտեմբերի 27-ին, Աշոտը Մատաղիսի զորամասի բուժկետում է եղել: Իջել է դիրքերից՝ իր սրված ալերգիայի դեմ զորամասում բուժօգնություն ստանալու համար: Այդ օրն ուշ երեկոյան մի քանի անգամ բուժկետից խոսել է մոր և ավագ եղբոր հետ: Մորը՝ Մարինե Մանվելյանին, հայտնել է, թե արտառոց բան չկա իրենց մոտ, սովորական սահմանային խախտումներ են։ «Չվախենա՛ք, մամ ջան»,- ասել է: Վերջին խոսակցության ժամանակ՝ երեկոյան ժամը 10-ի սահմաններում, մորը հայտնել է, թե հագած, կապած հրահանգի են սպասում Թալիշի դիրքեր բարձրանալու համար:

Մարինեն տեղյակ է, որ պատերազմի առաջին օրը Թալիշի դիրքերում ծանր մարտեր են տեղի ունեցել, սակայն որդին այդ ժամանակ դիրքերում չի եղել: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 28-ից արդեն ութ ամիս է՝ որդուց տեղեկություն չունեն: Աշոտը անհասանելի է: Աշոտից տեղեկություն ստանալու համար մինչև հոկտեմբերի 4-ը հարազատները ամեն օր զանգել են զորամաս: Բոլոր հեռախոսհամարները անհասանելի են եղել: Հոկտեմբերի 5-ին հարազատներին հաջողվել է պատահական կապի մեջ մտնել զորամասի փոխգնդապետներից մեկի հետ: (Մարինեն փոխգնդապետի ազգանունը չէր հիշում, ասաց՝ անունը Ալբերտ է): Փոխգնդապետը պատմել է, որ պատերազմի առաջին օրը «կոնտուզիա» է ստացել, իրեն տեղափոխել են հոսպիտալ: Նոր է վերադարձել զորամաս։ Զինվորներից մեկը Աշոտի մասին իրեն զեկուցել է: Նա հեռախոսը փոխանցել է նույն զինվորին, որ տեղեկությունը փոխանցի նաև Աշոտի հարազատներին:

Զինվորը Մարինեի ավագ որդուն՝ Արշակին ու փեսային պատմել է, որ տեսել է, թե ոնց է թշնամու ԱԹՍ-ի հրթիռն ընկել Աշոտի կանգնած տեղը: Փոխգնդապետն էլ Արշակին ասել է՝ համարեք, որ Աշոտը հավիտյան բանակին է ծառայում, այսինքն ինքը չկա: Մեկ օր հետո՝ հոկտեմբերի 7-ին հեռուստացույցով զոհվածների ցուցակում հաղորդել են Աշոտի անունը: Դրանից հետո Մարինեի ավագ որդին ու փեսան դիմել են Կարմիր խաչին, ապա պաշտպանության նախարարություն: Այսուհանդերձ, ոչ մի տեղեկություն չեն ստացել Աշոտից:

Մարինեն նոյեմբերի սկզբին ԴՆԹ է հանձնել: Ասում է՝ հենց առաջին օրվանից չի հավատացել որդու զոհվելուն: Պատմում է, որ դեպքեր են եղել, երբ հեռախոսը պահել է ձեռքին և ծառայության մեջ գտնվող որդուն դիմել. «Աշոտ, արդեն սպանեցիր ինձ: Զանգիդ կսպասեմ, մեռնեմ քեզ»: Մարինեի խոսքով՝ այդ ժամանակ հեռախոսը դեռ գրպանը չդրած՝ Աշոտը զանգել է իրեն: «Ծիծաղելով ասաց՝ մամ, ականջներս խժժաց: Զանգել եմ, որ քո ձայնը լսեմ»,- հիշում է Մարինեն:

Մեզ հետ զրույցում Մարինեն պնդում էր, որ որդու հետ սրտով է կապված, դրա համար պատերազմի առաջին օրվանից զգացել է որդու ցավը, նրա դժոխքի միջով անցնող տառապանքը, բայց ոչ կորուստը: «Չկա էտենց բան, իմ տղան չի զոհվել»,- պնդում է Մարինեն: Հարազատները գտել են անմիջապես մարտը ղեկավարող՝ Աշոտի Վյաչեսլավ անունով հրամանատարին: (Մարինեն վերջինիս ազգանունը նույնպես չէր հիշում): Մարինեի ասելով հրամանատարը գովեստի խոսքեր է ասել Աշոտի հասցեին, ասել է նա քաջ մարտական ընկեր և փայլուն զինվոր է: Պատմել է, որ հոկտեմբերի 1-ի ուժեղ մարտերի ժամանակ Աշոտը իր երկու զինվոր ընկերների հետ վիրավորվել են՝ Աշոտը ձախ, ընկերը՝ աջ ազդրից, մյուս ընկերը՝գլխից: Վիրավորներին դուրս են բերել անտառի բերան, սակայն մինչ բուժօգնության հասնելը, թշնամին նորից է սկսել հրթիռակոծությունը: Այդ ժամանակ հետ նահանջելով՝ հրամանատարն էլ է վիրավորվել: Մարինեի խոսքով՝ ծանր, բայց ոչ մահացու վիրավորված որդին և երկու ընկերները մնացել են անտառի եզրին: «Ու էդտեղից Աշոտի ճակատագիրն անհայտ է»,- ասում է Մարինեն:

Հրամանատարի պատմությունից հետո Մարինեն առավել վստահ է, որ Աշոտը գերի է ընկել: Մեզ հետ զրույցում նա չէր կասկածում, որ Աշոտը մեծ հայրենասիրությամբ է հայրենիքը պաշտպանել․ «Եթե նա վիրավոր չլիներ, գերի չէր ընկնի»:

Գերի լինելու մասին, Մարինեի խոսքով, իրեն երազում հայտնել է նաև Աշոտը: «Իմ երեխեն գիշերը երազ է գալիս և հայտնում է՝ ինքը որտեղ է: Ես տեսնում եմ դա»,- ասում է Մարինեն:

Աշոտը երազում իր գտնվելու վայրը հայտնում է նաև հարազատներին: «Իմ երեխեն երազում ասում է Բաքվի բերդում երրորդ հարկում է: Ասում է ամեն խցում 4-5 տղա են>, -արտասվելով պատմեց վշտահար մայրը:

Աշոտ Մանվելյանը ծնվել է 2000-ին: Մարինեն գովում է որդուն, ասում՝ Աստված իրեն Աշոտին տվել է, որ ինքն իմանա զավակն ինչ է: Սակայն ճակատագիրը դառն է եղել: Տղայի հայրը 41 տարեկանում քաղցկեղից մահացել է: Աշոտին յոթ տարեկանից մայրը մենակ է մեծացրել: «Աշոտս Աստծո իմ փոքր պարգևն է»,- ասում է Մարինեն: Ավագ որդին՝ Արշակը, հոր մահվան տարում է վերադարձել զինվորական ծառայությունից: Արշակը Մարտակերտում է ծառայել:

Մարինեն ասում է, որ երկու տարի էլ Ղարաբաղում շարունակվող կռիվների, դիվերսիոն ներթափանցումների պատճառով Արշակի ծառայության ժամանակ են տառապել: Ավագ որդին բանակից վերադառնալուց հետո նեցուկ է դարձել մորը: Աշոտը բանակում ավելի լավ պայմաններում է ծառայել, քան Արշակը: Մարինեն ասում է՝ մինչև 44-օրյա պատերազմը որդու ծառայությունը նորմալ է ընթացել: Ծառայության մեկնելուց հետո Մարինեն մասնակցել է Աշոտի երդման արարողությանը, ծննդյան օրը որդուն շնորհավորելու համար այցելել է զորամաս․ «Փառք Աստծո, զորամասում կարգ ու կանոն, մաքրություն կար: Աշոտը շատ գոհ էր ծառայությունից»:

Մարինեն ասում է Աշոտը չէր թողնում զինվորական կյանքին վերաբերող հարցեր տալ իրեն։ Ասում էր՝ մամ, էդ ղզիկ հարցերդ թող, դու ոնց ես ապրում, քեզնից պատմիր: «Երբ ծառայությունից հարցնում էի, խոսքը փոխում էր, հարցնում էր՝ ծաղիկներդ ծաղկե՞լ են: Նույնիսկ չեմ իմացել, թե Թալիշի դիրքերը որքան հեռու են զորամասից։ Նոր եմ տեսել, թե երեխաս ինչ վտանգների մեջ է ծառայել»,- պատմում է Մարինեն:

Խոստովանում է, որ անձամբ է իր երեխաներին հայրենասեր դաստիարակել: Վստահ էր, որ որդուն սպասելու այն հույսն ու հավատը, որ իր մեջ կա, չի կարող չարդարանալ: «Ես հավատում եմ, որ այդ օրը գալու է: Աշոտս տուն է վերադառնալու»,- հրաժեշտին ասաց զինվորի մայր Մարինե Մանվելյանը:

Լարիսա Փարեմուզյան

Մեկնաբանել