Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Իսրայելում լարվածության և հայ համայնքի կացության վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև․
«Վերջին օրերին Երուսաղէմում եւ Սուրբ Երկրում ստեղծված լարուածութեան հետեւանքով հայ համայնքը ոչ մի վնաս չի կրել: Հայ համայնքում չկան վիրաւորներ, զոհեր կամ տեղահանուածներ: Հայկական թաղամասում խուճապի կամ վախի մթնոլորտ չի տիրում, միայն առկայ է մտահոգութիւն, որը պայմանաւորուած է շարունակուող լարուածութեամբ:
Այս օրերին կանոնաւոր կերպով կատարուել են եկեղեցական բոլոր արարողութիւնները, կրթական հաստատութիւններում շարունակուել են դասընթացները: Պատրիարքութիւնում բոլոր գրասենեակները շարունակում են իրենց աշխատանքը:
Ակնկալում ենք, որ կողմերը բանակցութեան ճանապարհով արագ կը հասնեն խնդրի հանգուցալուծման:
Մեր ցաւակցութիւնն ենք յայտնում բոլոր զոհուածների հարազատներին, իսկ վիրաւորներին մաղթում ենք արագ ապաքինում»:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում հրթիռակոծությունների և օդային հարվածների հետևանքներով Գազայի հատվածում գրանցվել է 35 զոհ, Իսրայելում՝ 5 զոհ, հաղորդում է Reuters գործակալությունը։