Բացառել ապատեղեկատվությունն ու լայն տարածել պաշտոնական ինֆորմացիան․ ՄԻՊ

Պաշտպանը հորդորում է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա, իսկ պետությանը՝ ապահովել  ժամանակին և ամբողջական տեղեկությունների տարածումը։

«Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում սահմանների հետ կապված իրավիճակը:

Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ սահմանների հետ կապված հարցերը հասկանալիորեն ունեն հանրային մեծ հետաքրքրություն և զգայունություն, իսկ հանրությունն էլ ունի իրավիճակի մասին ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։ 

Ուստի, իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը:

Նշվածի հետ միասին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՀ սահմանների հետ կապված խուճապ և լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն: Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին ձեռնպահ մնալ նման տեղեկությունների տարածումից: 

Ինչպես Պաշտպանն անձամբ, այնպես էլ աշխատակազմը կապի մեջ են համայնքային ու պետական իրավասու մարմինների հետ, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր»։

Ավելի վաղ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում․ «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»։