3 կմ առաջ չեն եկել, մեկ բարձունքի մասին է խոսքը․ Անդրանիկ Քոչարյանը՝ Սյունիքում միջադեպի մասին

«Ադրբեջանցիները 1974 թ-ի քարտեզը ձեռքներին եկել էին, ինչ-որ մի բարձունքի վրա կանգնել, ասում էին՝ սա մերն է։ Հիմա գնում է այդ լարվածության հետ կապված խնդիրների լուծման և հստակեցման պրոցեսը»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Հիմա բանակցում են, հենց հիմա այնտեղ է գտնվում ռուսական կողմի ներկայացուցիչը, մեր սահմանապահ զորքերի հրամանատարը։ Բանակցությունների փուլում ենք, և ես համոզված եմ, որ դա ավարտվելու է հանգուցալուծմամբ»,- ասաց Քոչարյանը։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում Սյունիքի սահմանին մարտերի և վիրավորների մասին տեղեկությունները․ «Ոնց որ թե առիթ լիներ, Սյունիքում լարվածության օջախ լիներ և դա մենք ճոխացնեինք և մեր երկիրը գցեինք լարվածության մեջ»,- նկատեց նա։

Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

Անդրանիկ Քոչարյանը հերքում է նաև ադրբեջանական զինուժի 3 կմ առաջ գալու մասին լուրը․ «Ընդամենը մեկ դիրք է, ոչ մի առաջ գալ չկա։ Մի հատ բարձունք կա այդտեղ, այդ բարձունքն է, ընդ որում՝ չպահպանվող բարձունք էր։ Հիմա գնում են հստակեցումներ, ճշտումներ»,- նշեց նա։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում․ «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել