Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք

Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք։ Դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ: Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

«2021 թվականի մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններոով ևս 199 բնակիչ: Մայիսի 12-ին Սիսիանի բժշկական կենտրոն դիմել է աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններոով ևս 14 բնակիչ և բակային համայցով հայտնաբերվել է ևս 70 հիվանդ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ նախարարության՝ բնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:

«Որպես բռնկման հավանական պատճառ` դիտարկվում է ջրային գործոնը: Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դեպքերին նախորդել է վթար` բնակավայրի ջրամատակարարման համակարգում, որի վերացման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ: Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է բնակավայրի խմելու ջրի և հիվանդների կենսանմուշների նմուշառում»,- նշում է առողջապահության նախարարությունը։

Սիսիանի բժշկական կենտրոնում ստացիոնար պայմաններում բուժումը շարունակում է 5 հիվանդ, իսկ գանգատ ունեցող մյուս բնակիչները բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է միջին և թեթև ծանրության՝ դրական շարժընթացով:

Մեկնաբանել