Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող մոտ 3 480 տրանսպորտային միջոց է շարքից դուրս եկել կամ հայտնվել Ադրբեջանի վերհսկողության տակ․ այսպիսի թիվ է ստացվում Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ ՍիվիլՆեթին տրամադրած տվյալների համադրությունից:
«Այդ տվյալները ամբողջական չեն ու ամեն օր թարմացվում են: Պարզապես շրջանային վարչակազմերի ու համայնքների ղեկավարները ցուցակագրում են վնասները և փոխանցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր մասնագետ Հակոբ Բադասյանը:
Եվ այսպես.
Մարտակերտի շրջանը ներկայացրել է 316 տրանսպորտային միջոց, որոնք պատերազմի ժամանակ շարքից դուրս են եկել կամ հայտնվել Ադրբեջանի վերհսկողության տակ: Դրանցից 100-ը նշվել է որպես վնասված:
Մարտունու շրջանը տրամադրել է 435 տրանսպորտային միջոցի մասին տեղեկատվություն: Այդ քանակից վնասված է նշվում 86-ը:
Հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած 67 տրանսպորտային միջոցի մասին տեղեկատվություն է ներկայացրել Շուշիի քաղաքային համայնքը: Եվս 54 տրանսպորտային միջոց տրամադրել է Շուշիի շրջանի Քարին տակ համայնքը: Ընդհանուր՝ 121: Շուշիի շրջանի տրանսպորտային միջոցներից յոթը նշվել է որպես վնասված:
Քաշաթաղի շրջանից հաշվառվել է 171 տրանսպորտային միջոց, որոնք հակառակորդի վերահսկողության տակ են հայտնվել կամ պատերազմի հետևանքով շարքից դուրս եկել:
388 տրանսպորտային միջոցի մասին տեղեկատվություն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրել է Ստեփանակերտի քաղաքապետարնաը, դրանցից 372-ը նշված է որպես վնասված:
405 տրանսպորտային միջոց վնասվել կամ հակառակորդի վերահսկվող տարածքում է մնացել է Ասկերանի շրջանի ներկայացրած տվյալներով: Դրանցից 42-ը մասնակի է վնասվել, 13-ը` ամբողջությամբ (ընդհանուր` 61 վնասված տրանսպորտային միջոց):
Ներկայում, ամենամեծ թիվը կազմում են Հադրութի շրջանի՝ շարքից դուրս եկած կամ Ադրբեջանի վերհսկողության տակ հայտնված տրանսպորտային միջոցները՝ 1182 (Հադրութ քաղաքից` 305): Կոնկրետ վնասված է նշվում 12-ը:
226 տրանսպորտային միջոց ներկայացվել է առանձին ցուցակներով՝ հաշվառված տարբեր համայքներում (դրանցից 89-ը մնացել է հակառակորդի կողմից վերահսկվող տարածքներում, 12-ը՝ վնասվել): Այդ ցուցակներում կան նաև տրանսպորտի սեփականատեր 79 ՀՀ քաղաքացիներ:
Շահումյանի շրջանից 28 տրանսպորտային միջոց շարքից դուրս է եկել կամ հայտնվել Ադրբեջանի վերհսկողության տակ:
Ներկայացված տվյակները ի մի բերելով՝ ստանում ենք պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող 3 480 տրանսպորտային միջոց, որոնք հակառակորդի վերահսկողության տակ են հայտնվել կամ պատերազմի հետևանքով շարքից դուրս եկել:
Նշված 3480 տրանսպորտային միջոցից մոտ 630-ը նշված է որպես վնասված կամ ոչնչացված:
2021-ի ապրիլի 19-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ստեղծվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողով: Շահառուին գույքի փաստացի կորստի դիմաց պետական ֆինանսական աջակցությունը կտրամադրվի դրամական օգնության ձևով և/կամ գանձապետական տարեկան 10% եկամտաբերությամբ և մարման 5 տարի ժամկետով հասարակ մուրհակների տրամադրմամբ: Աջակցության գումարի մինչև 5 միլիոն ՀՀ դրամը կտրամադրվի դրամական օգնության ձևով, իսկ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող մասը՝ մուրհակների տրամադրմամբ, որոնց թողարկումը, տրամադրումը, շրջանառությունը, հաշվառումն ու մարումը իրականացվելու է Արցախի կառավարության սահմանած կարգով:
Հայկ Ղազարյան