Այվազյանն ու Լավրովն անդրադարձել են Սյունիքում տեղի ունեցած միջադեպին

Մայիսի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։

«Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրեց Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշեց ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը: Երկուստեք կարևորվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում․ «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։