Վերիշեն. ըստ գյուղացիների՝ ադրբեջանցիները Սև լճից առաջ են եկել

Գորիսից 3 կմ հեռավորության վրա է գտնվում Վերիշեն գյուղը։ Ըստ գյուղացիների` այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի հետ սահմանը, որի վրա է գտնվում Սև լիճը, ու առաջ շարժվել։ Գյուղացիների խոսքով՝ համայնքային իշխանությունն ու զինվորականները ներկայում բանակցում են ադրբեջանական կողմի հետ, կան նաև ռուս զինծառայողներ։ Նրանք փաստեցին, որ կրակոցներ ու պայթյուններ չեն եղել ու հերքեցին, որ Սև լճի մոտակայքում մարտեր են ընթացել։ 

Տեղեկությունը, որ ադրբեջանցիները առաջ են եկել, հաստատեց նաև Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Նա ևս հայտնեց, որ բանակցություններ են ընթանում։ 

ՍիվիլՆեթը փորձեց բարձրանալ Սև լիճ, ուղիղ գծով այն գյուղից 10 կմ է, իսկ ճանապարհը ավելի քան 15 կմ է։ Ճանապարհին Ռազմական ոստիկանության աշխատակիցներն էին հերթապահում, որոնք թույլ չտվեցին մոտենալ լճին։