Սև լճի շուրջ բանակցություններն արդյունք չեն տվել. այսօր կրկին հանդիպում է նախատեսված

Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի հետ բանակցությունները երեկ՝ մայիսի 12-ին, արդյունք չեն տվել։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեց Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյանը, որը բանակցողների շարքում էր։

«Բանակցություններն արդյունք չեն տվել, մենք պայմանավորվել ենք, որ այսօր ժամը 12:00-ին կրկին հանդիպելու ենք»,- նշեց մեր զրուցակիցը։

Մայիսի 12-ին վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սև լճի մոտ հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։ Այս փաստը մինչ այդ ՍիվիլՆեթին փոխանցել էին Վերիշենի բնակիչներն ու բանակցություններին մասնակցած անձինք, իսկ ավելի ուշ այդ մասին հայտարարեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բնակիչների խոսքով՝ սահմանը հատելիս ադրբեջանական ուժերը որևէ դիմադրության չեն հանդիպել։

Մեկնաբանել