Հայաստանում գիտնականների աշխատավարձերը կբարձրացվեն

Հայաստանում գիտնականների աշխատավարձերը կբարձրացվեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության մայիսի 13-ի նիստում։

Մասնավորապես, կառավարությունը փոխել է գիտաշխատողների պետական բազային նվազագույն աշխատավարձի սանդղակը։ Աշխատավարձի բարձրացումը նախատեսվում է կատարել աստիճանական եղանակով մինչև 2025 թվականը։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց՝ աշխատավարձի բարձրացումը երիտասարդների ներհոսք կապահովի ոլորտում. «Այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը 90 400 դրամ է, բայց մեր առաջարկից հետո 2025-ին այս գումարը կդառնա 276 000 դրամ։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը այսօր կազմում է 141 400 դրամ, իսկ 2025-ին կկազմի 477 000 դրամ»։

Գլխավոր գիտաշխատողը, որի բազային ներկա աշխատավարձը 138 000 դրամ է, 2022-ի հունվարից կհասնի 367 000, իսկ 2025-ին՝ 553 000 դրամի։

Աշխատավարձերի աստիճանական բարձրացման համար եկող տարի գիտության բյուջեն կավելանա 3,6 միլիարդ դրամով։

Ապրիլին կառավարությունը ևս 2,8 միլիարդով ավելացրել էր գիտության բյուջեն՝ ընդլայնելով թեմատիկ գիտական հետազոտությունների թիվն ու ուղղելով գիտական ենթակառւցվածքներին ու դրանց արդիականացմանը։

Մեկնաբանել