Ռազմական ոստիկանությունը իրավական գնահատական կտա Սյունիքում տեղի ունեցածին

Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է համակողմանի պարզել Սյունիքում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Քանի որ համացանցում որոշ հարցադրումներ տեսա, ընդամենը տեղեկացնեմ, որ Հայաստանի զինվորական դատախազության կողմից պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ»,- գրել է նա։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։

«Այս գործողություններն անհանդուրժելի են, որովհետև դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը»,- մայիսի 12-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ասել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել