Հետ չքաշվելու դեպքում հետագա էսկալացիայի պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա․ ՀՀ-ն՝ ՀԱՊԿ-ում

Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով:

ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը:

Նրա կողմից ընդգծվել է նաև, որ հնարավորինս արագ և ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից հետքաշումը չիրականացնելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։

«Այս գործողություններն անհանդուրժելի են, որովհետև դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը»,- մայիսի 12-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ասել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Մայիսի 13-ին գումարվել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի արդյունքների մասին տեղեկություն դեռ չի հրապարակվել։

Մեկնաբանել