Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրությունում:
Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, զարգացմանն ու առաջընթացին:
Մակրոնի և Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ ֆրանսիական կողմի տարածած հաղորդագրությունում նշվում է՝ Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին` այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար: Ֆրանսիայի նախագահականի հայտարարությունն իր ֆեսյբուքյան էջում տեղադրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։
Ինքը՝ նախագահ Մակրոնը, անգլերենով թվիթերյան գառում է արել և հայերենով` ֆեյսբուքյան գրառում․
«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»։