Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Սյունիքում տեղի ունեցած միջադեպը

Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

«Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ կատարման անհրաժեշտությունը՝ նախևառաջ հրադադարի ռեժիմի անշեղ պահպանման մասով»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ Կրեմլի կայքի՝ շարունակվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին:

«Ռուսական կողմը հաստատել է ակտիվ միջնորդական ջանքերի շարունակման և Երևանի ու Բաքվի հետ սերտ շփումների պահպանման տրամադրվածությունը՝ ի շահ տարածաշրջանում կայունության ապահովման: Նիկոլ Փաշինյանն արտահայտվել է կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի ծագող բոլոր խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել