Սյունիք․ մենք ու նրանք

Սյունիքում ընթացող իրադարձությունները լիարժեք պատկերացնելու համար Երևանից կամ Վաղարշապատից հնարավոր չէ․ պետք է տեղում լինել, բարձրանալ դիրքեր, այցելել գյուղեր, զրուցել ու կլանել։ Այդ նպատակով նախորդ ամբողջ շաբաթը լրագրողական այցով Սյունիքում էի՝ Գորիսից մինչև Մեղրի։ 

Ռուս սահմանապահները՝ Սյունիքում

Կապանի գյուղերից մեկի դիրքերում էինք, հարցազրույց էինք վերցնում կամավորի հետ, հեռվում լսվեց կրակահերթի ձայն: Հարցազրույցն ավարտեցինք և սուրճ էինք խմում, զանգեցին հրամանատարին՝ ո՞վ է կրակել: Պատասխանեց, որ մեր դիրքերից չէր, ըստ ամենայնի, ադրբեջանցիներն էին․ «Հեսա ռուսները նորից կխառնվեն իրար, ուզում են իմանալ, թե ով է կրակել: Չեն թողնում մի կրակոց անգամ լինի, նույնիսկ կրակային վարժանքներ չեն թույլատրվում»: 

Երբ դիրքերից վերադառնում էինք Կապան, ճանապարհին նկատեցինք դեպի առաջնագիծ շտապող ռուս սահմանապահների մեքենան: 

Հանրության, հատկապես Երևանի բնակչության շրջանում տպավորություն է ստեղծվել, թե ռուս սահմանապահները վերահսկում են միայն Շուռնուխի վիճահարույց ճանապարհը, որը տեղ-տեղ անցնում է Ադրբեջանին հանձնած տարածքներով, մինչդեռ ռուսները Սյունիքի ողջ առաջնագծում են, ու հենց նրանք են վերահսկում իրավիճակը դիրքերում։ Երբեմն ռուսներն ավելի շուտ են իմանում ու արձագանքում դիրքերում լարվածությանը, քան մեր կամ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունները։

Ճակատենից Կապան տանող ճանապարհի ութ կիլոմետրը, ինչպես Շուռնուխի և Որոտանի ճանապարհի մեծ մասը անցնում է Ադրբեջանին հանձնած տարածքով: Այդ ճանապարհահատվածին ադրբեջանցիները տեղադրել են իրենց հայտնի մեծ պաստառը՝ «Բարի գալուստ Ադրբեջան» վերտառությամբ․ վերջին օրերին ռուս սահմանապահների մեքենան օրուգիշեր կայանված է հենց այդ պաստառի դիմաց։ Ինչպես պատմում են՝ օրեր առաջ հարակից գյուղերից ինչ-որ անձինք կրակել են ադրբեջանական պաստառի վրա, դրան ի պատասխան ադրբեջանական զինուժը փակել է ճանապարհը: Ռուսների միջնորդությամբ իրավիճակը հանդարտվել է, սակայն առ այսօր ռուս սահմանապահների մեքենան այդ պաստառի դիմաց է կայանված: 

Ռուս սահմանապահների մեքենաներն անընդմեջ Որոտանից Շուռնուխ, Շուռնուխից Ճակատեն և Սրաշեն հատվածին են, վերահսկում են ողջ առաջնագիծը: 

Դիրքից դիրք

Ինչո՞ւ իշխանությունը չի ուզում, որ լրագրողներս հասնենք դիրքեր, այդ թվում՝ զրուցենք կամավորների հետ։ Պատասխանը գտել եմ՝ հենց դիրքերում լինելով, իսկ ես եղել եմ Գորիսի և Կապանի սահմանամերձ գյուղերի ավելի քան 20 դիրքում, տեսել եմ եղած-չեղածից դիրքերում բնակության, լոգանքի պայմաններ ստեղծած կամավորներ ու զինվորներ, իսկ առջևում՝ վրանային ավաններ հիմնած ու հիմնող ադրբեջանցիներ։

  • Ամեն օր խրամատ են փորում, – ասում է Սյունիքի սահմանամերձ Սրաշեն գյուղի դիրքապահներից մեկը։

Իսկ, օրինակ, Ներքին Խնձորեսկում «բուլդոզերով» որոշել են առաջնագիծ դարձած դաշտերից մեկում խրամատներ փորել, որոնց խորությունը կես մետր չկա։ Զինվորականները թերևս կփաստեն, որ այդ խրամատները կարող են ավելի շուտ մահաբեր լինել հրետակոծության ժամանակ, քան պաշտպանական:

Դիրքերում հայ կամավորները, զինծառայողները կեցության պայմանները ստեղծում են այն ամենից, ինչ կա: Դիքերը որքան էլ հեռու են բարվոք լինելուց, սակայն կամավորները չեն մտածում դրանք լքելու մասին, ասում են՝ եթե լքեն, ադրբեջանցիները կգան ու կտեղակայվեն իրենց փոխարեն, դրա համար մնում են՝ սպասելով, որ կանոնավոր բանակն իրենց փոխարինի: Բանակը՝ գնալով համալրվում է և տեղակայվում ողջ Սյունիքի առաջնագծում։

Մինչդեռ առջևում ադրբեջանական համակարգված, կահավորված ու վրանային դիրքերն են: Ընդ որում՝ ադրբեջանցիներն ու հայերը միաժամանակ են սկսել տեղակայվել այս բնագծերում, բայց հակառակորդի պատրաստվածությունն ավելի բարձր է, համենայնդեպս՝ արտաքուստ: Եթե որևէ մեկը հակադարձի, որ մեր երկրի պաշտպանական գիծը տասնյակ կիլոմետրերով ավելացել է, կարող եմ ասել, որ նույնքան, դեռ մի քանի անգամ շատ ավելացել է նաև Ադրբեջանի առաջնագիծը, որն օրեցօր կահավորվում է և ավելի լավ պաշտպանվում։

Այդ մասին պաշտոնական լրահոսը կլռի, առավել ևս, որ ԱԱԾ-ն արդեն թույլ չի տալիս թեկուզ կամավորների հետ մեկնել դիրքեր։ Հիմա՝ առավել քան երբևէ, պետք է անկեղծ լինել, բարձրացնել խնդիրներն ու լուծել դրանք։

Չթերագնահատել նրանց և չգերագնահատել մեզ

Ես այն սերնդից եմ, որին կերակրել են«Kill Dim»-ներով, որտեղ հայ զինծառայողն արի է ու խելացի, իսկ ադրբեջանցի զինծառայողը՝ վախկոտ ու տգետ: Ընդ որում՝ ադրբեջանցի զինվորը միշտ ոչխարների հետ էր՝ վերարտադրելով հանրության շրջանում տարածված համեմատությունը ադրբեջանցու և ոչխարի միջև: Անհեռատես այս մոտեցումը մեզ պարտության հասցրած գործոններից էր:

Մի քանի օր լինելով Սյունիքում՝ համոզվեցի, որ հակառակորդը գիտի՝ ինչպես մեզ հունից հանել, ինչպես հիշեցնել պարտության մասին, ընդ որում՝ ոչ թե զենքի սպառնալիքով, այլ սովորական հոգեբանական հնարքներով, ինչպիսին է Շուռնուխի կամ Ճակատենի ճանապարհին տեղադրված «Բարի գալուստ Ադրբեջան» պաստառը։

Որոտանի ճանապարհի մեծ հատվածը ևս մտնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Երբ դուրս ես գալիս այդ հատվածից, ճամփեզրի ձախ հատվածում ռուս և ադրբեջանցի զինծառայողների ուղեկալներն են՝ երկհարկանի մեծ տուն է, որի աջ մասում ադրբեջանցի զինծառայողներն են, ձախում՝ ռուսները: Ադրբեջանցիները տան այգու՝ իրենց հատվածում ցանցե ցանկապատ են անցկացրել. այդ տարածքի տեսանելի վայրում տեղադրված է ադրբեջանական դրոշը, իսկ դրա կողքին միշտ կանգնում է ադրբեջանցի մեկ զինծառայող՝ զենքը ձեռքին, տեսանելի է ինչպես գնացող, այնպես էլ եկող մեքենաներին, զենքը չի պահում մեքենաների ուղղությամբ, բայց հետևում է նրանց շարժին ու ցույց տալիս, որ ինքն այնտեղ է:

Դիրքերում ադրբեջանցիները տեղադրում են սպիտակ վագոն տնակներ կամ առնվազն չորս վրան: Ընդ որում, դրանցից երեքը նրանք չեն օգտագործում, բայց փորձում են տպավորություն թողնել, որ տեղանքը վերահսկվում է բազմաթիվ զինծառայողներով:

Ծովից ծով երազողներին

Մեղրիից որոշեցինք Երևան վերադառնալ ոչ թե հիմնական ճանապարհով, այլ երկրորդային, որը անցնում է Շվանիձորով, Ծավով և Ճակատենով։ Սարերից մեկի փեշին երևում է փոքր գյուղ, ավելի ճիշտ՝ ավան․ մոտ 50 տուն ու եկեղեցի, բոլոր տները լքված, ավերված կամ կիսաքանդ։ Այս գյուղն անգամ քարտեզում չկա, բայց այդ ճանապարհով անցնող յուրաքանչյուրին հիշեցնում է, որ մենք ունենք հայրենիք, որի հանդեպ անտարբեր ենք։ Կապանի հարակից գյուղերը, հատկապես դեպի Ղարաբաղի կողմ տեղակայված համայնքները կիսավեր են ու լքված, իսկ բնությունը՝ աննկարագրելի։

Երբ ինձ ասում են, որ մենք Կարսն ու Արդահանն ենք հետ բերելու, Արցախի կորսված ավելի քան 70% տոկոսն ենք վերադարձնելու, աչքիս առաջ են գալիս այդ լքված գյուղերը։ Երբեմն տպավորություն է, որ ծովից ծով Հայաստան երազողներն այդ երազանքն ավելի շատ են փայփայում, քան այն, ինչ ունենք հիմա։